Թուրքիայի ԱԳՆ. Հայերը Սեւանա լիճը շփոթել են Միջերկրականի հետ - Mediamax.am

5042 դիտում

Թուրքիայի ԱԳՆ. Հայերը Սեւանա լիճը շփոթել են Միջերկրականի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն այսօր ասել է, որ «Հայաստանը՝ փորձելով կարծիք ներկայացնել Արեւելյան Միջերկրականի վերաբերյալ, պատկերացում չունի աշխարհագրության եւ դրանում իր տեղի մասին»:

Անադոլու գործակալության հաղորդագրության համաձայն, Համի Աքսոյն այդպես է արձագանքել օգոստոսի 15-ին արված ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:

 

«Խնդրո առարկան այստեղ ոչ թե Սեւանա լիճն է, այլ Արեւելյան Միջերկրականը», - ասել է թուրք դիվանագետը:

 

«Սեւրի պայմանագրի մասին Հայաստանի սադրիչ հայտարարությունից հետո, Արեւելյան Միջերկրականի մասին վերջինիս կարծիքը անսահման անպատասխանատվության հերթական օրինակն է», - նշել է Համի Աքսոյը:

 

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ Թուրքիայի դեմ «գաղտնի» դաշինք է գործում եւ Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Ֆրանսիայից հետո «դեպի ծով ելք չունեցող Հայաստանը կարծում է, որ իրավունք ունի խոսելու տարածաշրջանի մասին»:

 

«Անկախ ամեն ինչից, Թուրքիան պաշտպանելու է իր եւ Կիպրոսի թուրքերի իրավունքները Արեւելյան Միջերկրականում, որոնք բխում են միջազգային իրավունքից: Ոչ մի դաշինք կամ չարիք չի կարող խանգարել դրան: Նրանք, ովքեր հակառակն են մտածում, պատմությունից դասեր չեն քաղել», - ասել է Համի Աքսոյը:

 

Մեդիամաքսը նշում է, ոչ օգոստոսի 15-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ.

 

«Ուշադիր հետեւում ենք Թուրքիայի ապօրինի եւ սադրիչ գործողությունների հետեւանքով Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին եւ նավատորմային մոբիլիզացիային: Արեւելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարեւան տարածաշրջաններում հետեւողականորեն վարվող ագրեսիվ եւ ծավալապաշտական քաղաքականությունը:

 

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին եւ Կիպրոսին եւ կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը եւ դադարեցնելու Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին