Ալիեւը բողոքել է «հոգեբանական հյուծվածությունից» - Mediamax.am

78709 դիտում

Ալիեւը բողոքել է «հոգեբանական հյուծվածությունից»


Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի գնի հետագա անկմանը:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Իլհամ Ալիեւը, հանդես գալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում, ասել է, որ «նավթի գնի շարունակական անկումը բավական հյուծիչ է, այդ թվում՝ հոգեբանական առումով, էլ չասած պետական բյուջեն հավասարակշռելու անհրաժեշտության մասին»:

 

Ադրբեջանի նախագահը նաեւ կատակել է նավթի գնի վրա OPEC-ի ազդեցության մասին:

 

«Ցավոք, OPEC-ի ամեն նիստից հետո նավթի գինն ընկնում է: Դրա համար մենք անհանգստացած ենք առաջիկա նիստի կապակցությամբ: Գուցե ավելի լավ կլինի, որ այն տեղի չունենա՞»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

 

Իլհամ Ալիեւը կոչ է արել համակարգել գործողությունները եւ ամրապնդել վստահությունն OPEC-ի անդամների եւ այն խոշոր նավթահանող երկրների միջեւ, որոնք միավորման անդամ չեն:

 

«Եթե դա տեղի չունենա, OPEC-ը չի կարողանա որոշումներ ընդունել: Իսկ որոշումների բացակայության պարագայում անհասկանալի կլինի, թե երբ նավթի գինը կհասնի «հատակին»: Ինչ-որ պահի թվում է, թե, ահա, սա է «հատակը», բայց այնուհետեւ մենք նոր գին ենք տեսնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

 

«Մենք Ադրբեջանում ակնկալում էինք, որ այսպես կոչված «հետնավթային» շրջանը կսկսվի մոտ 20 տարի հետո: Մեզ համար սա անակնկալ էր ու միեւնույն ժամանակ՝ սթրես մեր տնտեսության համար», - հայտարարել է Ալիեւը:

 

«Ծանր է լսել, որ նավթի գներն ավելի են իջնելու՝ թեեւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դա անակնկալ չի լինի»,- խոստովանել է Ադրբեջանի նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին