Կարեն Անդրեասյան. ՄԻՊ գրասենյակի 40 իրավաբաններն էլ չեն կարողանում մեկնաբանել ՍԴ որոշումը - Mediamax.am

4823 դիտում

Կարեն Անդրեասյան. ՄԻՊ գրասենյակի 40 իրավաբաններն էլ չեն կարողանում մեկնաբանել ՍԴ որոշումը


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ասել է, որ դժվարանում է մեկնաբանել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը:

«Ես եւս դժվարությամբ եմ կողմնորոշվում, թե արդյոք կուտակային կենսաթոշակային համակարգն ինձ համար պարտադիր բնույթ կրում է, թե ոչ:  Լինելով իրավաբան ու գրասենյակում ունենալով 40 աշխատող իրավաբաններ՝ չենք կարողանում մեկնաբանել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ եւ 7-րդ կետերը եւ առկա անհամապատասխանությունը»,- հայտարարել է Անդրեասյանը:

 

ՄԻՊ նախորդ տարվա զեկույցում բարձրաձայնված համակարգային 150 խնդիրներից 44-ին լիաժեք լուծում է տրվել, ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Նրա խոսքով, ամենաշատ թերացումներն արձանագրվել են դատախազությունում, դատական համակարգում եւ տնտեսական իրավունքների պաշտպանության բլոկում (ՊԵԿ, ՏՄՊՊՀ):

 

Օմբուդսմենը նաեւ փոխանցել է, որ փետրվարի 27-ին կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների ազգային ծրագիրը, որտեղ ներառված 109 առաջարկությունների մեծ մասն ընդունվել են: Նրա խոսքով, եթե ծրագիրը կյանքի կոչվի, զեկույցում նշված մոտ 180 համակարգային խնդիրներին լուծում կտրվի:

 

Անդրադարնալով Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպին՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ տուժողի տվյալները փոխանցել են ՀՔԾ եւ Արդարատության նախարարություն:

 

«Եթե տուժողի գործողություններում անգամ եղել է էթիկայի կամ օրենքի խախտում, ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իրեն նման կերպ պահել: Հուսով ենք, սա օրինակ կծառայի բոլոր այն պաշտոնյաների համար, ովքեր սիրում են ազատություն տալ ձեռքերին»,- ասել է Կարեն Անդրեասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին