Փաշինյան. Աղետները վրա հասան տաբուների եւ «ճշմարտությունների» պատճառով - Mediamax.am

1580 դիտում

Փաշինյան. Աղետները վրա հասան տաբուների եւ «ճշմարտությունների» պատճառով


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աղետները Հայաստանի վրա հասան «երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով»:

Քաղաքացու օրվա առթիվ ուղերձում վարչապետը, մասնավորապես, ասել է.

 

«2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որեւէ մակարդակի որեւէ ընտրություն չի կեղծվել եւ քաղաքացին հնարավորություն է ունեցել կայացնել որոշումներ՝ ավագանի, համայնքի ղեկավար, Ազգային ժողով եւ վարչապետ ընտրել ազատ կամարտահայտությամբ: Ընտրողների ազատ կամարտահայտությու՛նն է դարձել իշխանության ձեւավորման միակ բանաձեւը:  

 

Հենց սա էր 2018 թվականի հեղափոխության առաջնային եւ առանցքային նպատակներից մեկը, որ իրագործված է լիովին: Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, չկա որեւէ միտք, գաղափար, տեղեկատվություն, որ հնարավոր չէ հանրությանը հասցնել հեռուստատեսային եթերով կամ զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերը, քաղաքական, հանրային եւ տնտեսական գործունեությունն ազատ են լիովին:

 

Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաեւ այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո:

 

Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով, այն տաբուների, կաղապարների եւ «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները եւ դա էր, թերեւս, մեր մեծագույն ձախողումը:

 

Այդ տաբուների գործադրմամբ այսօր էլ փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական եւ քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը պիտի պարտադրի մեզ ասել՝ հայրենիքը պետությունն է, որը պիտի լինի կոնկրետ, սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է եւ այս հենասյուների վրա պիտի կառուցվի Ապագան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին