Փաշինյան. Էթնիկ զտումների փորձի վրա չենք կարող աչք փակել - Mediamax.am

5337 դիտում

Փաշինյան. Էթնիկ զտումների փորձի վրա չենք կարող աչք փակել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին:

Նա նշել է, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

 

«Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը»,- կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, եւ «մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները եւ վայրագությունները»:

 

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը եւ դրա հետեւանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։

 

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, եւ որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին