Փաշինյան. Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են նպատակակետին - Mediamax.am

750 դիտում

Փաշինյան. Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են նպատակակետին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Մարտի 1-ն ամենեւին սգո օր չէ, այն ավելի լայն համատեքստ ունի»:

Կառավարությունից հայտնել են, որ այս մասին նա ասել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ: Այն բացվել է Երեւանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ:

 

«Իրականում 2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին է, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, դեֆորմացնելու, նրան արտահայտվելու եւ որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է:

 

Առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետեւ այսօր Հայաստանում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է: Դրա երաշխավորը ոչ թե որեւէ կառավարություն է, ոչ թե որեւէ կուսակցություն է, ոչ թե որեւէ իշխանություն է, այլ դրա երաշխավորը Հայաստանի ժողովուրդն է, որ, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է եւ ճշգրտում է իր նպատակակետերը: Եվ իր նպատակակետը՝ անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ եւ ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է, ազատ եւ երջանիկ կյանքով ապրելու տեսլականը»,- ասել է նա:

 

Նրա խոսքով՝ Մարտի 1-ին եւ հետագայում նաեւ՝ «2020 թվականի սեպտեմբերին արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն եւ տնտեսություն կառուցելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին