Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ - Mediamax.am

5096 դիտում

Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է իր հարաբերությունները Փաշինյանի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն «աշխատանքային» է անվանել իր հարաբերությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում Վարդանյանը նշել է, որ երբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ հանդիպել էր Փաշինյանին, ասել էր վերջինիս, որ Արցախն իր համար «կարմիր գիծ» է եւ միակ թեման, հանուն որի ինքը պատրաստ կլինի փոխել իր ապրելակերպը:

 

 

 

Պատասխանելով Հայաստանի վարչապետի հետ իր ներկայիս հարաբերությունների մասին հարցին՝ Արցախի պետական նախարարն ասել է.

 

«Աշխատանքային հարաբերություններ են: Մենք հանդիպում ունեցանք, քննարկեցինք աշխատանքային հարցեր, Արցախի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներ»։ Վարդանյանը նկատել է, որ «Հայաստանի շահերը կարող են լիովին չհամընկնել Արցախի շահերի հետ»:

 

Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանում շատերը պարտության պատասխանատու են համարում Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Վարդանյանն ասել է.

 

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կա բազմակարծություն։ Նա հաղթեց 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ չնայած 2020 թվականի պարտությանը»։

 

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է.

 

«Դա առանձին թեմա է, այն կապված է Արցախի խնդրի հետ, բայց ոչ միայն այն է որոշում մեր երկրի ապագան։ Խաղաղության պայմանագիրը չէ որոշում Արցախի ապագան»։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2018 թվականի դեկտեմբերին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:

 

«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան [Նիկոլ Փաշինյանին] դժվարին աշխատանք է սպասվում եւ մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել եւ ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի: Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել», - ասել էր Վարդանյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

 

2022թ. սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ «ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի գերակայությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին