Ռոբերտ Քոչարյան. «Կապիտուլյացիան անխուսափելի չէ, հանձնվել չի կարելի» - Mediamax.am

2141 դիտում

Ռոբերտ Քոչարյան. «Կապիտուլյացիան անխուսափելի չէ, հանձնվել չի կարելի»


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է Արցախի եւ Հայաստանի խնդիրների, անվտանգային հարցերի, հնարավոր կոնսոլիդացիայի ու Իրանի հետ հարաբերությունների մասին:

Արցախի թեման բացակայում է

 

Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին:

 

Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը Արցախի հարցի շուրջ էր: ՀՀ պաշտոնյաների բառապաշարից ի սպառ կորել են «Արցախի Հանրապետություն», «ինքնորոշում» արտահայտությունները, ինչը նշանակում է, որ ունենք լրջագույն պրոբլեմ: Եթե այսպես շարունակվի՝ ապագա բանակցային պրոցեսը լինելու է Բաքու-Ստեփանակերտ եւ ինչ-որ չափով Մոսկվա ֆորմատով:

 

Արցախի հարցի բանալին Արցախի ժողովրդի ձեռքին է, դա այդպես է եղել հիմա եւ այդպես է եղել 1992թ.-ին: Դրա մի մասն էլ Հայաստանի ժողովրդի ձեռքին է՝ ժողովուրդը կպարտադրի իշխանություններին որոշակիություն մտցնել Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումների մեջ, թե՞ ոչ: Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ուրեմն դեռ հավանականություն կա այս ամենը գոնե կանգնեցնել:

 

Կախվածությունը Բաքվից մեծացել է

 

Կախվածությունը Բաքվից այս ընթացքում մեծացել է: Փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել եւ կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, նշանակում է՝ Ադրբեջանը, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար, իսկ Արցախի իշխանությունների համար սա լինելու է եւս մեկ բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Բաքվի իշխանությունների հետ:

 

Հայաստանի մասին

 

Գտնվում ենք խորն անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Վերջին իրավիճակը ցույց տվեց նաեւ, որ չեն կարողանում ներգրավվել մեր գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է ուտոպիստական «խաղաղության դարաշրջան» բացելու թեզով եւ դրա ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր:

 

Վերջին իրադարձությունների ներքո Բաքվի եւ Անկարայի դերը շեշտակի աճել է, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդելու լծակները՝ նվազել:

 

Հայաստանում վիճակը պայթյունավտանգ է

 

Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր: Իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան եւ դրանից հետո խոսել նույն բառապաշարով երկրի ներսում, անիմաստ է:

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում, պետք է այդ էջը փակել եւ բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից` որոշում կայացնելու պարտադրանք կա, մի կողմից` վտանգ կա, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել իրավիճակը Հայաստանում: Սա օրինաչափ հետեւանք է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018թ.-ից եւ, հատկապես, 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո:

 

Իրանի հետ հարաբերությունը

 

Հայաստանի համար ամենաթույլ տեղը Սյունիքն է: Սա այն տարածքն է, որի նկատմամբ բացահայտ ցանկություններն են արտահայտում Ադրբեջանը եւ Թուրքիան:

 

Իրանի համար եւս կարեւոր է Սյունիքը:  Այս երկու տարվա ընթացքում Սյունիքում առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ, որոշ պայմանագրային բազա պետք է ստեղծեինք, դրանք ամենից մեծ զսպող հանգամանքը կլինեին Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով՝ կարելի էր կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը:

 

Մենք պետք է վճռական քայլերի գնանք, փորձենք համոզել Ռուսաստանին, ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալով, դա կլիներ հերթական հիմարությունը, որովհետեւ ՀԱՊԿ շրջանակում կան պայմանագրեր, որոնք կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար: Պետք է մեր անվտանգային համակարգը համալրել նոր բաղադրիչներով: Ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել ռուսական կողմին, գուցե եռակողմ նոր ֆորմատ ձեւավորել, որովհետեւ այսօր ՌԴ-ն Իրանի հետ ջերմացնում է հարաբերությունները: Համոզված եմ, որ սա հնարավոր է բացատրել նաեւ ԱՄՆ-ին: Դուր կգա՞ իրենց, ոչ: Բայց արդյո՞ք առաջարկում են այլընտրանք, ոչ, չեն առաջարկում:

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պետք է ավելի համարձակ լինել ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ դրսի հետ հարաբերություններում: Երբ առաջարկում եմ Իրանին ներգրավել մեր անվտանգային նոր ճարտարապետության մեջ, նշանակում է, որ իրավիճակը պետք է գնահատել եւ այնպիսի լուծում առաջարկել, որը կչեզոքացի պրոբլեմը: Պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել, չբացառել ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը միանալու Հայաստանի հնարավորությանը, ապա չեմ կարծում, որ այս պահին դա ճիշտ քայլ կլիներ:

 

Ի՞նչ է պետք անել

 

Կան պարզ քայլեր, որոնք օրհասական վիճակում կիրառվում են պետություններում։

 

Առաջինը՝ հանրային կոնսոլիդացիան է, սա անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Մտքեր են հնչում, թե «միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար»։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։

 

Հնչում է նաեւ իշխանության շուրջ միավորվելու թեզ։ Մեզ ասում են՝ «միավորվենք պրոբլեմի շուրջ»։ Մեր նպատակը ո՞րն է՝ փրկել Հայաստանը, թե՞ Հայաստանի պրոբլեմը։

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Եթե ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, այն պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։

 

Կտրականապես համաձայն չեմ այն գաղափարների հետ, որ կապիտուլյացիան անխուսափելի է: Այո, վիճակը ծանր է, կան բազմաթիվ պրոբլեմներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի հանձնվենք եւ ընդունենք պարտադրանքները:

 

Այս կոնտեքստում իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է, խորհրդարանական երկրում այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի։ Օրինակ՝ եթե խորհրդարանն ընտրում է մեկ այլ վարչապետ, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ «վերահսկիչ փաթեթը» մնում է այդ քաղաքական թիմում։ Այս հարցը կարող է քննարկման թեմա լինել քաղաքական դաշտում։

 

Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, պետք է փոխել այն։

 

Կոնսոլիդացիայի հետ կապված երկրորդ կետն այն է, որ պետք է լրջորեն զբաղվել բանակով։ Երկու տարի է՝ լսում ենք ռեֆորմների մասին, իսկ վերջում ծնվեց 24 մլն դրամով բանակից ազատվելու գաղափարը, որն ուղղակի քայքայիչ է բանակի համար։

Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երրորդ քայլն այն է, որ պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը։ Պետք է գնահատենք, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ ազդեցության լծակները շեշտակի նվազել են։ ՀԱՊԿ-ը ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի, կառույցի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ: Մտածել, որ ՀԱՊԿ-ը քայլ կձեռնարկի, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է։

 

Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում եւ անելու է ամեն հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց դրանք լինելուն են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ ՌԴ-ն ունի դաշնակցային հարաբերություններ նաեւ Ադրբեջանի հետ եւ մտածել, որ այս վիճակում կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից լավ վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրություն զարգացնելու համար, այդ տրամադրությունների «հեռակառավարման վահանակը» Ալիեւի ձեռքին է։

 

Էրդողանը «վարպետության դաս» է տալիս

 

Ակնհայտ է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ֆրանսիան այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ազդեցություն չունեն։ Էրդողանի վրա ընդհանրապես ոչ ոք րի կարողանում ազդել, իսկ նա ազգային շահերը հետապնդելու «վարպետության դաս» է տալիս: Անտեսելով բոլոր ճնշումները՝ անում է այն, ինչ համարում է ճիշտ Թուրքիայի ազգային շահերի համար։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին