Փաշինյան. «Ադրբեջանը չի ուզում մեզ հետ քննարկել Ղարաբաղի հարցը» - Mediamax.am

753 դիտում

Փաշինյան. «Ադրբեջանը չի ուզում մեզ հետ քննարկել Ղարաբաղի հարցը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարել է, որ կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություն են իրականացրել Հայաստանի սահմանների 4 ուղղությամբ, հետագայում ավելացնելով եւս 2-3 ուղղություն:

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմի սադրանքի: Դա իրականությանը չի համապատասխանում։ Մարտական գործողությունների ինտեսիվությունն այժմ  նվազել է, բայց 1-2 ուղղությամբ հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն ու ԳՇ-ն գնահատում է իրավիճակը, կորուստները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մեդիամաքսն առանձնացրել է մի քանի դրվագ ելույթից։

 

«Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»

 

Վարչապետը հիշեցրել է, որ 2022թ․մարտին Ադրբեջանը ներկայացրել էր 5 սկզբունք՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

 

«Մենք արձագանքել էինք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց կարծում ենք, որ կետերը պետք է լրացվեն եւ դրանց հենքի վրա մենք պատրաստ ենք բանակցություններ վարել ու խաղաղության պայմանագիր ստորագրել։  Սկզբում թվում էր՝ կա թեմայի շուրջ ըմբռնում, բայց ընթացս, մասնավորապես՝ բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում, պարզվեց եւ պարզաբանվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։

 

Նա նշել է, որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետեւ «իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է եւ իրենք չեն ուզում այն քննարկել Հայաստանի հետ»։

 

«Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մեզ համար անընդունելի չէ»

 

«Մենք նախկինում ասել ենք եւ ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։ Ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ՝ Ադրբեջանն այդ ասելով, արդյոք նկատի՞ է ունենում նաեւ այն տարածքները, որոնք կամ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այս հարցը, մեր տպավորություններով եւ քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում»,- ասել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց դիրքորոշումից։

 

«Այս երկու խնդիրների լուծումից հետո, տեսականորեն, եթե լինի այդպիսի ըմբռնում եւ արձանագրում, արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը որեւէ տարածքային պահանջ չունի եւ չի ունենալու Հայաստանի նկատմամբ։ Քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է պատասխան, որ այո՛, Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց, երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձեւակերպմամբ եւ բնորոշմամբ՝ «ապօրինի ձեւով Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նկատել է, որ ադրբեջանական կողմի հարցազրույցներում այդ տարածքները սկսում են Նռնաձորից, շարունակում Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով եւ ավարտում են ՀՀ մայրաքաղաք Երեւանով։

 

«Բոլոր դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետեւողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»,- ասել է նա։

 

«Շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմամբ եւ ապաշրջափակումով»

 

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, ըստ վարչապետի՝ ՀՀ դիրքորոշումը եղել է եւ մնում է հետեւյալը՝ «մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել, բայց ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմամբ եւ ապաշրջափակումով՝ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը»:

 

«Մենք ասել ենք եւ շարունակում ենք ասել, որ մեզ համար ընդունելի է այն տրամաբանությունը, որը քննարկվել եւ արձանագրվել է 2021թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին