Փաշինյանը աշխատավարձերի «էական աճ» է խոստանում ՆԳՆ ձեւավորելուց հետո - Mediamax.am

1192 դիտում

Փաշինյանը աշխատավարձերի «էական աճ» է խոստանում ՆԳՆ ձեւավորելուց հետո


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ներքին Գործերի նախարարության ձեւավորումից հետո ոստիկանության աշխատողների աշխատավարձերի «էական, շոշափելի աճ» պիտի տեղի ունենա:

Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ այդ մասին Փաշինյանը հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

 

«Մենք պետք է հետեւողական զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Առաջիկայում ձեւավորվելու է ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը:  Մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին եւ պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Հայաստանում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել եւ աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

 

Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների եւ ապահովության ստանդարտը, որովհետեւ պետության համար կարեւորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձեւավորումից հետո եւ՛ ոստիկանության, եւ՛ փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձերի էական, շոշափելի աճ պիտի տեղի ունենա եւ սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ իրենք սահմանում են սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ՝ ակնկալելով, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին