Փաշինյան. ՀՀ եւ ՌԴ ստորագրությունները բավարար են խաղաղապահների մանդատն իրագործելու համար - Mediamax.am

1246 դիտում

Փաշինյան. ՀՀ եւ ՌԴ ստորագրությունները բավարար են խաղաղապահների մանդատն իրագործելու համար


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրահեղ սրվել է:

«Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, եւ մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում»,- կառավարության նիստին ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ 2020-ի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր: Որպես օրինակ նա բերել է Խծաբերդ, Հին Թաղեր եւ Փառուխ գյուղերի գրավումը, նաեւ՝ շփման գծում հրադադարի խախտումները:

 

«ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերն անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով:

 

Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր. 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»,- ասել է Փաշինյանը:

 

Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ նա կրկնել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, «անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու համար»:

 

«Որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված. նախ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի: Երկրորդ՝ արձանագրվել է նաեւ, որ գոյություն ունի շփման գիծ, երրորդ՝ Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ:

 

Ըստ էության, այս 3 ինստիտուտի դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է , որ ՌԴ խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չտա՝ խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

 

Ադրբեջանն անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:

 

Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաեւ ԼՂ-ում ՀՀ Զինված ուժերի ներկայությունը. «Պիտի պաշտոնապես արձանագրեմ, ու ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա: Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները եւ, հետեւաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձեւակերպումները եւ հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, քանի որ նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է՝ «կողմերի՝ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2023թ.-ի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ այդ երթուղու պահպանության համար»: Պիտի արձանագրեմ, որ այս պահին եռակողմ ձեւաչափով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ մենք մի քանի անգամ առաջարկել եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել:

 

Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած, պիտի ընդգծեմ, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Բայց եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարեւորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման եւ անվտանգության հետ կապված հարցեր»:

 

Նիկոլ Փաշինյանը «աբսուրդ է» համարում Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է խոսափել այս հարցերի քննարկումներից. «Ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային: Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց: Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը եւ դրանում սահմանված իրողությունների ամրագրումից խուսափումը»:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, Ադրբեջանն էլ պիտի կատարի իր երեք պարտավորությունը՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը եւ հարգի Լաչինի միջանցքի գոյությունը:

 

«Եթե այս ամենը Ադրբեջանը չանի, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի դրանցով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին