Արմեն Գեւորգյանը հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից - Mediamax.am

5915 դիտում

Արմեն Գեւորգյանը հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն այսօր հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել ՀՀ Ազգային Ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Արմեն Գեւորգյանը նշել է, որ 2021-ից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել իր աշխատանքին, ներդրել իր փորձն ու գիտելիքը:

 

«Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային եւ մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, եւ որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաեւ լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու եւ գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը եւ նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաեւ իմ անձնական ապագայի տեսլականի ձեւավորման համար, ինչպես դա եղավ 2014 եւ 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո»,- ասված է Գեւորգյանի հայտարարության մեջ։

 

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ Վահե Հակոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին