«Սա պայքար է հայ մնալու համար», ասել է Ավետիք Չալաբյանը - Mediamax.am

1790 դիտում

«Սա պայքար է հայ մնալու համար», ասել է Ավետիք Չալաբյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ Անազատության մեջ գտնվող «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասել է, որ իրեն «կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսեւորում է»:

«Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին եւ շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու եւ մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետեւողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը եւ բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն է։

 

Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսեւորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ եւ շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեւարքի մեջ է։

 

Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները եւս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի:

 

Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին եւ պետք է գնանք զիջումների: Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը. հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։

 

Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր եւ մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը», - ասել է Ավետիք Չալաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին