Փաշինյանը մեկնաբանել է դավաճանության մեղադրանքները - Mediamax.am

4722 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է դավաճանության մեղադրանքները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին Հաագայում ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում:

Ներկայացնում ենք հատվածներ ելույթից, որոնք վերաբերում են 2020 թվականի պատերազմին եւ հետպատերազմական վիճակին:

 

Ժողովրդավարություն եւ անվտանգություն, պատերազմի պատճառները

 

Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց 2020 թվականի պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետեւյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը:

 

2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է: Իմ խորը հավատը եւ համոզմունքն է այն, որ 2020 թվականի պատերազմը մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ եւ աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու:

 

Իրականում պատերազմի պատճառը գլոբալ եւ ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունն էր, որ երկար տարիներ տեղի են ունեցել եւ այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած բանակցային քաղաքականությունը՝ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է եւ միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր:

 

Ադրբեջանի քաղաքականությունը՝ Ղարաբաղն առանց հայերի

 

Պատերազմից հետո Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլեւս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է: Եթե մեկ բառով ձեւակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այն հետեւյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի:

 

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու եւ ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետեւյալը՝ «արձանագրությունները կեղծ են եւ այդ կեղծիքը պետք է վերացվի»:

 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է

 

Մեր ընկալումը բոլորովին այլ է. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենեւին էլ հողային հարց չէ, ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, եւ մենք, մեր քաղաքականությունը եւ մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաեւ այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, եւ ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը եւ լուծել:

 

Մենք լսում ենք քննադատությունը

 

Շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ եւ ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի եւ քաղաքական թիմի եւ ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետեւ հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետեւյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն:

 

Վերջին զարգացումները

 

Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը:

 

Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, եւ ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա եւ եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար եւ այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով՝ ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում:

 

Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը եւ՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, եւ՛ արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին