Փաշինյանը «կետ առ կետ» պատասխանել է իր հրաժարականի պահանջին - Mediamax.am

2505 դիտում

Փաշինյանը «կետ առ կետ» պատասխանել է իր հրաժարականի պահանջին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն, իր խոսքով՝ «կետ առ կետ» պատասխանել է պահանջին:

 

Տապալել է բանակցային գործընթացը

 

Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանն ու այդ մասին հայտարարել է 2018թ. ապրիլի 17-ին՝ Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությամբ, ասելով՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի պահանջներն անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար: Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին, ասելով՝ մենք այլեւս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:  

 

Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը

 

Ես 2020թ. սեպտմեբրի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ՝ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման՝ պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ կարգավիճակի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք ու միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետեւյալը՝ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական եւ անընդունելի պահանջները՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

 

Իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը

 

Ուզում եմ հիշեցում անել, պարոն Ռուստամյան, այն պահին, երբ նաեւ ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմքը, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

 

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է Արմեն Ռուստամյանը, ինչից հետո խորհրդարանում աղմուկ է սկսվել:

 

«Հիմա շատ կարեւոր բացահայտում եմ անելու, շատ կարեւոր բացահայտում, չեմ ուզում՝ աղմուկի մեջ բացահայտումը կորի», - ասել է ՀՀ վարչապետը:

 

Ի պատասխան, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները լքել են դահլիճը, ինչին վարչապետն արձագանքել է.

 

«Ախ, չեք ուզում լսեք, բա էդ ասեք, բա էդ ասեք, բա էդ ասեք: Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք: Կեցցե հայկական ժողովրդավարությունը»:

 

Վարչապետի խոսքերն ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ծափահարություններով, խորհրդարանը գնացել է ընդմիջման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին