Ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը - Mediamax.am

4546 դիտում

Ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

Հրաժարականի պահանջում ասված է.

 

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը` տապալելով Արցախի հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն:

 

Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը եւ խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել:

 

2021 թվականի հունիսին խոստացել էր մեկ-երկու ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք:

 

Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով: Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով: Խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները եւ մահերը:

 

Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ. կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը, հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի կնոջը եւ, ինչպես միշտ, փախավ:

 

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ եւ պետք է հրաժարական տա»:

 

Նա նաեւ հայտնել է, որ Ազգային ժողովի երկու՝ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները շարժվել են դեպի խորհրդարան՝ այս հանրային պահանջը ներկայացնելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին