Փաշինյան. «Մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի լինել-չլինելու մասին» - Mediamax.am

6343 դիտում

Փաշինյան. «Մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի լինել-չլինելու մասին»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովի իր ելույթում կրկին անդրադարձել է Արցախի հարցի փուլային եւ փաթեթային լուծումների տարբերակներին:

«Դեռեւս 1997 թվականին  նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբից Ղարաբաղի հարց, հետո` խաղաղության պայմանագիր, 2018 թվականի փաթեթով եւ 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթում շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջեւ բանակցություններ՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Այ այստեղ է, որ ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էին առնվելու ԼՂ հայեր եւ ԼՂ ադրբեջանցիներ: Եվ այստեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ եւ որեւէ կարգավորում չէր լինելու՝ մինչեւ Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել:

 

Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, եւ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելու էր:

 

Այս փուլայինին մի հատ էլ փուլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը կամ ընթացիկ կարգավիճակը»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «եթե մենք ուզենայինք հանձնել Ղարաբաղը՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»:

 

«Եթե նույնիսկ պետք է հանրաքվե տեղի ունենար, այն պետք է լիներ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի իրար հետ կապրեն կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կվերադարձվեն, հարյուր տարուց հետո կնայենք, որեւէ այլ պայմանի համաձայն չենք»,- նշել է նա:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը խոսում է Ղարաբաղը չհանձնելու մասին.

 

«Եթե այլ ճանապարհով գնանք՝ Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր: Հերիք է խաբենք իրար»:

 

Մեկնաբանելով իր երեկվա ելույթը, նա ասել է, որ դրանով «տարածություն բացեցինք Հայաստանի եւ Արցախի համար»:

 

«Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք Հայաստանի եւ Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ ենք բացում։ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ մենք պետք է ինչ-որ բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ։ Պետք է օրակարգ բերենք հարցեր, լցնենք տարածաշրջանային օրակարգը բովանդակությամբ: Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն եւ մատուցեն։ Մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի լինել-չլինելու մասին։ Մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա եւ միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին