44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կանցկացնի առաջին քննարկումը - Mediamax.am

1240 դիտում

44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կանցկացնի առաջին քննարկումը


Լուսանկարը` Davit Hakobyan


Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովից հայտնում են, որ 2020 թվականի պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը փետրվարի 21-ին ժամը 12:00-ին կանցկացնի աշխատանքային քննարկում:

Քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

 

Փետրվարի 11-ին Ազգային Ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» հայտարարել էին, որ չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

 

Նրանց հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.

 

«Իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետեւանքների «թիվ մեկ մեղավորը» եւ «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որեւէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում»։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021թ. հոկտեմբերին, ելույթ ունենալով Քննչական կոմիտեում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

 

«Շատ կարեւոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետեւ խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, եւ կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին