Ընդդիմությունը որեւէ կերպ չի մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը - Mediamax.am

3069 դիտում

Ընդդիմությունը որեւէ կերպ չի մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որեւէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։

Այսօր նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասված է.

 

«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային եւ համապետական շահերով:

 

Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում:

 

Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:

 

Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը եւ առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:

 

Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք եւ հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել եւ միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:

 

Միջազգային հանրությունը անգործություն եւ լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձեւավորման առումով:

 

Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձեւով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

 

Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որեւէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին