Փաշինյան. «Մոտ ենք կոմունիկացիաների բացման առաջին գործնական արդյունքներին» - Mediamax.am

3312 դիտում

Փաշինյան. «Մոտ ենք կոմունիկացիաների բացման առաջին գործնական արդյունքներին»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «շատ մոտ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքներն արձանագրելուն»։

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին Երեւան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

 

«Այցն ամբողջությամբ եղել է գործնական եւ նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ Մենք այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք ենք բերել։ Երկաթուղին Հայաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ այդ երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է նա։

 

ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ արդեն քննարկվում են երկաթուղու տեխնիկական առաջադրանքի ձեւակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի եւ ֆինանսավորման հարցերը։

 

«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել ու առաջին գնացքը չի անցել, պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, ստանում է կոնկրետ դրսեւորումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին