Նախագահը, ինչպես եւ նախկինում, թերահավատ է հայ-թուրքական գործընթացի հանդեպ - Mediamax.am

3356 դիտում

Նախագահը, ինչպես եւ նախկինում, թերահավատ է հայ-թուրքական գործընթացի հանդեպ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «այս անգամ Ադրբեջանը եւ Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել»:

Sky News Arabia-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում է նախագահի մամուլի ծառայությունը, նա նշել է, որ դժվարին իրավիճակում չկա ավելի լավ ճանապարհ, քան բանակցելն ու խոսելն է:

 

«Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, եւ ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր եւ 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, եւ, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ նա ասել է, թե պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարեւաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարեւանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսեւորում Սիրիայում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ շատ այլ վայրերում:

 

«Կրկին կարծում եմ, որ այս դեպքում եւս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009թ. հոկտեմբերին, եւ նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ եւ Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում եւս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձեւավորվել է ցեղասպանության հետեւանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որեւէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում»,- նշել է նա։

 

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են, սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջեւ:

 

«Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները»,- ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին