Քոչարյան. Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում ձեռքերը լվացել են - Mediamax.am

3902 դիտում

Քոչարյան. Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում ձեռքերը լվացել են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ իշխանությունները «անվտանգային ոլորտում ունեցել են կատարյալ ձախողում՝ ոչ մի հարց չի լուծվել»:

Այսօր հանդես գալով մամուլի ասուլիսում, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին է վկայում այն փաստը, որ «մեկ-երկու դիրքի համար մղվող պայքարում մենք ավելի քան 30 գերի ենք ունենում»:

 

«Այս իշխանությունները շահագրգռված չեն մարտունակ բանակ ունենալ», - պնդել է նախկին նախագահը:

 

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե Հայաստանի վարչապետն ասում է, որ 2016 թվականից ի վեր նույնիսկ տեսական հնարավորություն չկար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, սա նշանակում է, որ դա է այսօրվա ՀՀ իշխանությունների դիրքորոշումը:

 

«Ըստ էության, Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում ձեռքերը լվացել են եւ կասկածի տակ են դրել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված Արցախի անկախության մասին հռչակագիրը», - շեշտել է Հայաստանի երկրորդ նախագահը:

 

Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ այսօր Հայաստանը չպետք է համաձայնի Ադրբեջանի հետ ներգրավվել սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեջ:

 

«Բազում հիմնավորումներ կան դա չանելու համար: Մասնավորապես, այն, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում նման գործընթացներ չեն սկսում», - նշել է Հայաստանի նախկին ղեկավարը:

 

Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ ներկա իշխանություններին հնարավոր է հեռացնել միայն բողոքի զանգվածային գործողությունների միջոցով:

 

«Պետք է պատրաստ լինենք եւ պատրաստելու ենք նման զանգվածային ընդվզումներ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին