Փաշինյանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ կառավարման համակարգի մասին - Mediamax.am

1201 դիտում

Փաշինյանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ կառավարման համակարգի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան պատասխանել է լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին։

Մեդիամաքսն առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի պատասխաններից մի քանիսը։

 

Բանակցությունները Ադրբեջանի հետ

 

Բրյուսելյան հանդիպման ժամանակ ես եւ Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, որոնց քննարկման ժամանակ ես հնարավորություն տեսա, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ։

 

Բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություններ տեսա, որոնք մենք պետք է փորձենք օգտագործել, որպեսզի ավտոճանապարհների հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր այն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ։

 

Հաղորդակցության ուղիների վերաբացումը

 

Ճանապարհների հարցը պետք է բաժանել մի քան մասի։ Առաջինը իրավական կարգավորումների խնդիրն է․ եթե այս խնդրով գանք համաձայնության, մնացած հարցերը տեխնիկական կդառնան։ Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհ լինի։ Մեր ընկալմամաբ՝ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ Հայաստանը։

 

Մենք չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը կլինի միջազգային հաղորդակցության կարեւոր ուղի։ Մեր նպատակադրումն է մեր ունեցած Հյուսիս-Հարավ նախագիծն իր բովանդակության եւ էության մեջ դարձնել նաեւ Արեւելք-Արեւմուտք՝ խաչաձեւ ճանապարհ։

 

Խաղաղության պայմանագրի նախադրյալները

 

Մենք խաղաղության պայմանագրի կնքմամբ եւ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք։ Վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկն էլ հենց խաղաղ եւ համապարփակ կարգավորման խնդիրն էր։ Մենք դրանով շահագրգռված ենք եւ չենք հրաժարվել ու չենք հրաժարվելու այդ թեմայով խոսել։ Եթե հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի եւ տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, որ ասենք՝ չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Խաղաղության պայմանագիրը մեր կարեւոր նպատակներից մեկն է։

 

Եթե մեզ հաջողվի ձեւակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե դիմացինի տեսակետը հասկանալու եւ ինչ-որ նոր սխեմա ձեւավորելու հնարավորություն լինի։ Սոչիում եւ Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային, բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո, դեռեւս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ չեն եղել։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել։

 

Թուրքիայի հետ հարաբերությունները

 

Հայաստանի համար ողջունելի քայլ կլինի հայ–թուրքական սահմանի, երկաթուղու, օդային հաղորդակցության բացումը։ Բայց հասկանում ենք, որ այս խնդրի հետ կապված բազմաթիվ նրբություններ կան, որոնք էմոցիոնալ վերաբերմունքի են արժանանում Հայաստանում։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք չհիմնավորված լավատեսություն չարտահայտել, բայց աշխատում ենք, որ այդ հիմքը ստեղծենք։

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով հատուկ բանագնացի նշանակմանը, ապա շատ կարեւոր է, որ հայկական կողմից բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ։ Սա էական գործոն է։ Ռուբեն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավականին ծանրակշիռ փորձառությունը բավարար է։ Բայց նաեւ՝ պարոն Ռուբինյանն այդ պրոցեսը միայնակ չի տանելու, ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսից ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։

 

Կառավարման համակարգը

 

Պատերազմից անմիջապես հետո խորհրդարանական կառավարման համակարգի քննադատական շատ մեծ ալիք եղավ, ասում էին, որ «կիսանախագահական ամակարգ լիներ, այլսպես չէր լինի» եւ այլն։

 

Այդ ժամանակ ինձ թվում էր, թե դա ճիշտ քննարկում է, բայց հետնոյեմբերյան էմոցիոնալ փուլից եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպիտի փոխվի։ Չնայած բոլորը չէ, որ այդպես են կարծում՝ Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ, երկու օր առաջ զրույցի ժամանակ էլ ասել է, որ ինքը մնում է այն տեսակետին, որ կառավարման համակարգը պետք է փոխվի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին