Փաշինյանը «խաղաղ զարգացման դարաշրջան» բացելու հնարավորություն է տեսնում - Mediamax.am

1043 դիտում

Փաշինյանը «խաղաղ զարգացման դարաշրջան» բացելու հնարավորություն է տեսնում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սոչիում եւ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո երկրի եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն է տեսնում:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստի ժամանակ նա նշել է.

 

«2020 թվականը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Շատ դեպքերում հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն: Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են եւ ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները:

 

Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք եւ ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը: Մանավանդ հիմա, երբ, ըստ էության, տարածաշրջանում ձեւավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետեւ, նախ, քաղաքական հայտարարությունները դեռեւս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, եւ երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ եւ շատ ավելի դժվարին»:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սոչիում եւ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո երկրի եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն է տեսնում:

 

«Կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավել եւս այս պայմաններում եւ միջավայրում ԱԱԾ-ը պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը, հենց բուն՝ ԱԱԾ-ը եւ ծառայության մարմինները, որովհետեւ այս նոր միջավայրի ձեւավորումը շատ պատասխանատու եւ էական խնդիր է, որը միասին, իհարկե, պիտի փորձենք իրագործել:

 

Իսկ մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել ՀՀ պետականությունը, մեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի  միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետեւողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին