Սերժ Սարգսյան. «Մենք չենք համակերպվել, եւ սա ռեւանշիզմ չէ» - Mediamax.am

1989 դիտում

Սերժ Սարգսյան. «Մենք չենք համակերպվել, եւ սա ռեւանշիզմ չէ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար»։

«Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների եւ մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար եւ անարդար հետեւանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, եւ սա ռեւանշիզմ չէ», -  ասել է Սերժ Սարգսյանը՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի իր ելույթում:

 

Նախկին նախագահն ասել է, որ նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, «ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ  վիրուսով. պոպուլիզմի վիրուսով»։

 

«Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետեւանքները, եւ կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր։

 

Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն եւ անթաքույց սատարում էին Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքից բերված վարձկանները։

 

Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետեւանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթեւան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում եւ խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։

 

Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ եւ պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաեւ շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ եւ շարունակում գերեվարել նոր զինվորների։

 

Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետեւանքները։

 

Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին