Տեր-Պետրոսյան. Հնարավոր կոալիցիաների, Փաշինյանի, Արցախի հարցի մասին - Mediamax.am

1228 դիտում

Տեր-Պետրոսյան. Հնարավոր կոալիցիաների, Փաշինյանի, Արցախի հարցի մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է քաղաքական այլ ուժերի հետ հնարավոր կոալիցիաների, խորհրդային սահմանների, Արցախի ապագայի եւ այլ թեմաների մասին:

Մեդիամաքսն ասուլիսից որոշ հատվածներ է առանձնացրել:

 

Ո՞րն է «լրջանալու պահը»

 

Այդ հարցի շուրջ կար ձեւավորված կոնսենսուս, իսկ 1997 թվականին մենք իսկապես պահը կորցրինք: Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել, եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասում:

 

Ինչո՞ւ հնարավոր չեղավ 90-ականների հաղթանակն ամրագրել

 

Հաղթանակը ես ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին: Դրա մասին ես շատ երկար եմ խոսել: Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել: Չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ: Դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի: Այն ժամանակ Ադրբեջանը ստորագրմանը շատ ավելի պատրաստ էր, քան դրան հաջորդած 23 տարվա ընթացքում:

 

Համագործակցությունը 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ

 

Իմ առաջարկը նրանց կողմից մերժվել է եւ այլեւս դրան վերադառնալ հնարավոր չէ: Այլ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, մենք էլ անցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, ուրիշներ էլ եւ որեւէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձեւավորելու: Կնայենք, կտեսնենք: Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեեւ դրանք արդեն Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երեւույթ են: Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պետք է փորձենք:

 

«Հողերը պետք է տաս»՝ Փաշինյանի հայտարարության մասին

 

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ Քոչարյանի, Սարգսյանի, թե Փաշինյանի օրոք: Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսելն այն ժառանգությունը, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով: Հարց է տալիս՝ ի՞նչ ձեւի, ի՞նչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին՝ Մնացականյանին՝ «պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ», որ ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես՝ կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես՝ կլինի քո խայտառակությունը:

 

Խորհրդային սահմանների ճանաչման մասին

 

Միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ ԽՍՀՄ նախկին անդամների անկախությունները ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային միության ժամանակ, այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Խորհրդային միության սահմանն է, ուրիշ ոչինչ: Եթե այդքան ուժեղ եք, կարող եք գնալ, գրավել, բայց դրանից ոչինչ փոխել հնարավոր չէ: Իսկ այն վեճերը, որոնք լինում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ դրանք լինելու են այնքան, մինչեւ վերջիվերջո Հայաստանը Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի:

 

«Փաշինյանը մինչեւ այսօր էլ չի հասկանում Ղարաբաղի հարցը»

 

1996 թե 1997 թվականին ասել եմ, որ Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Վազգեն Սարգսյանը: Հիմա 3-4 հոգի էլ չեն տիրապետում: Այդ հարցին տիրապետելու համար ես պիտի իմանամ Պուտինի մտադրությունները, Ֆրանսայի, ԱՄՆ-ի մտադրությունները: Ես հիմա մասնավոր անձ եմ, ինձ դա ոչ ոք չի ասի: Նիկոլ Փաշինյանին են ասում, այդ մարդն էլ մինչեւ այսօր էլ չի հասկանում Ղարաբաղի հարցը:

 

«Հայաստանի կարծիքն այլեւս ոչ ոք չի հարցնում Ղարաբաղի վերաբերյալ»

 

Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել: Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում Ղարաբաղի վերաբերյալ: Մենք այլեւս խաղացող չենք:

 

Եթե ռուս խաղաղապահ զորքերը մեկ րոպեով դուրս գան Արցախից, ապա որեւէ արցախցի չի մնա այնտեղ: Հայաստանը մի բան պետք է անի՝ ամեն ինչով նպաստի, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը չհեռանա այնտեղից:

 

ԱԳՆ հրաժարականների մասին

 

Երբեք որեւէ երկրի արտաքին գործերի նախարարություն չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում: Հիմա արեցին, արեցին, արդեն զզվեցին, տեսան, որ ընկնում են շատ անհարմար իրավիճակի մեջ, դրա համար էլ այդպես հրաժարականների շարան սկսվեց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին