Տեր-Պետրոսյանը կրկնել է իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին - Mediamax.am

2003 դիտում

Տեր-Պետրոսյանը կրկնել է իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է այն հայտարարության տեքստը, որը ս.թ. մարտի 25-ին կայացած հանդիպմանն առաջարկել էր ընդունել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

 

Ստորեւ ներկայացված է հայտարարության տեքստը, որը չէր ընդունվել.

 

«ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը

 

Նկատի ունենալով՝

 

• պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,

 

• ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը,

 

• իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները,

 

• ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը,

 

Հայտարարում ենք՝

 

որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

 

Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

 

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

 

Լևոն Տեր-Պետրոսյան

 

Ռոբերտ Քոչարյան

 

Սերժ Սարգսյան

 

Երևան, 25 մարտի 2021թ.»

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր գրել է.

 

«Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին