Փաշինյանը «շատ գոհ է» Պուտինի հետ հանդիպման արդյունքներից - Mediamax.am

1426 դիտում

Փաշինյանը «շատ գոհ է» Պուտինի հետ հանդիպման արդյունքներից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ արդյունավետ» է որակել ապրիլի 7-ի իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին նա ասել է Մոսկվայում՝ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամների հետ հանդիպմանը:

 

«Շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե, ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել: Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին:

 

Խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին: Ունենք համաձայնագրեր հայ-ռուսական համատեղ զորախմբի եւ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

 

«Պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը:

 

Քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը:

 

Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին