Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։
Նա շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում:
«Ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին: Առկա են նաեւ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ»,- ասել է պաշտպանը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է:
Նախագահն ու պաշտպանը քննարկել են նաեւ գերիների վերադարձի եւ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: