«Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ» - Mediamax.am

3911 դիտում

«Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր, որ որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին եւ այդ որոշումը պետք է ի կատար ածվի՝ «այլ տարբերակ չկա»:

 

Ելույթ ունենալով իր աջակիցների հանրահավաքում, վարչապետն ասել էր, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին իր միջնորդության վերաբերյալ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Ասել եմ, որ իմ կարծիքով ինքը պետք է ստորագրի իմ ներկայացրած միջնորդությունը։ Եթե նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։ Շատ պարզ ընտրություն է», - ասել էր Փաշինյանը։

 

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մեկնաբանությունն ամբողջությամբ․

 

«Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման եւ ազատման հարցում:

 

Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

 

Ստեղծված իրավիճակում որեւէ մեկը որեւէ ձեւով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ:

 

Հանրապետության նախագահը որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի կողմից չէ, երբեւէ չի եղել եւ չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:

 

Նախագահ Սարգսյանը կարեւորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում եւ շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, եւ ոչ թե առճակատման միջոցով:

 

Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, եւ նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին