Գերմանացի փորձագետ. Առանց Փաշինյանի հեռանալու իրավիճակը չի կայունանա - Mediamax.am

7749 դիտում

Գերմանացի փորձագետ. Առանց Փաշինյանի հեռանալու իրավիճակը չի կայունանա


Նադյա Դուգլասը
Նադյա Դուգլասը

Լուսանկարը` https://www.neweurope.eu/


Երեւան: Մեդիամաքս: Առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալու Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունանա:

Այս կարծիքը հայտնել է Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային հետազոտությունների Բեռլինի կենտրոնի փորձագետ Նադյա Դուգլասը (Nadja Douglas) Caucasus Watch-ին տված հարցազրույցում:

 

«Վարչապետ Փաշինյանն այլեւս չի վայելում հասարակության լայն աջակցությունը: Նա քաղաքականապես եւ բարոյապես որակազրկեց ինքն իրեն 44-օրյա պատերազմում ողբերգական պարտությամբ: Էլիտաները, ներառյալ նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, պետության նախկին երեք ղեկավարները, եկեղեցու առաջնորդը, ինչպես նաեւ տեղական շատ ղեկավարներ դեմ են Փաշինյանին եւ նրա կառավարման շարունակմանը: Նա պետք է ճանապարհ հարթի փոփոխությունների համար՝ լինի դա անցումային կառավարության ստեղծմամբ, ինչպես ընդդիմությունն է առաջարկում, թե արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ», - ասել է Նադյա Դուգլասը:

 

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանում դեռեւս ի հայտ չի եկել «վստահելի քաղաքական այլընտրանք», իսկ երկրում ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ զանգվածային բողոքներ կազմակերպելու համար: «Մարդիկ հոգնել են պատերազմից, անհամար բողոքներից եւ կորոնավիրուսի համաճարակով պայմամավորված սահմանափակումներից», - ասել է փորձագետը:

 

Նադյա Դուգլասի կարծիքով, այսօր «Հայաստանի համար ամենակարեւոր մարտահրավերը հասարակության մեջ խաղաղության վերականգնումն է եւ ծայրաստիճան բարդ խնդիրների համատեղ լուծման համար որոշակի ազգային միասնության ստեղծումը»:

«Կարեւոր խնդիր է հանդիսանում ռեակցիոն ուժերին միասնական պատասխանի կազմակերպումը, քանի որ ռեւիզիոնիստական հակումները ներկայում օգտակար չեն: Այնուամենայնիվ, հայերը չեն կարող իրենց թույլ տալ շատ երկար ժամանակ շոկային վիճակում մնալ», - ասել է Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը:

 

Խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին՝ Նադիա Դուգլասը նշել է, որ «Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, նույնիսկ «Հայրենիքի փրկության կոմիտեն» ընդունել են, որ իրավիճակի հետ համակերպվելու այլընտրանք չկա»:

 

«Սակայն շատերը քննադատում են Փաշինյանի ոչ ադեկվատ բանակցային հմտությունները եւ կոչ են անում մնացած հարցերի շուրջ նոր քննարկումներ անցկացնել՝ Ռուսաստանի օգնությամբ: Սակայն նրանք չեն գիտակցում, որ նման սցենարը պարտադիր չէ, որ համապատասխանի ռուսական շահերին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը բավականին գոհ է նոր ստատուս  քվոյից», - նշել է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին