Ռոբերտ Քոչարյան․ «Ժողովուրդը չի պարտվել, Փաշինյանն է պարտվել» - Mediamax.am

5041 դիտում

Ռոբերտ Քոչարյան․ «Ժողովուրդը չի պարտվել, Փաշինյանն է պարտվել»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել 5-րդ հեռուստաալիքին՝ անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին ու դրանից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին:

Մեդիամաքսը գրի է առել հարցազրույցի հիմնական հատվածները:

 

Պատերազմից խուսափելու մասին

 

Պատերազմից հնարավոր էր խուսափել, անկասկած: Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար:

 

Բանակցային գործընթացը գիտակցաբար մտցվեց փակուղի, իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց իրավիճակ, երբ համանախագահները, նույնիսկ, չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ էր ուզում: Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով:

 

Մեր իշխանությունները, ըստ էության, լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ: Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքն է, հիմա մենք մեր հայտարարություններով փոխեցինք եւ հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ: Սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում եւ պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմը սկսելու համար: «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը հարցն ուղղակի տեղափոխեց հայ-ադրբեջանական հակամարտության տիրույթ, տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ: Սրա անունը ի՞նչ է, եթե ոչ դիվանագիտական ձախողում: Այս երկու հարցի ուղղակի մեղավորը ՀՀ վարչապետն է, ով սկսեց «սեփական կետից»:

 

Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը, երբեք չէր համարձակվի Ալիեւը սկսել այդ պատերազմը:

 

Պատերազմը հրահրելու մասին

 

Գլխավոր շտաբի պետը հունիսի 12-ին զեկուցել է, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, եւ դրանից հետո հուլիսին Տավուշում միջադեպի հչահրել, ուռճացնել դրա նշանակությունը, 70 հոգու պարգեւատրել եւ խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք Ադրբեջանին եւ Թուրքիային, սա ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում:

 

Հարց է առաջանում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի թեզը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», որեւէ առնչությո՞ւն ուներ Գլխավոր շտաբի հետ, թե՞ ոչ, իրար հետ քննարկո՞ւմ էին մեր հնարավորությունները, թե՞ ոչ: Վարչապետի մոտ ինչպե՞ս էր համադրվում ԳՇ-ի եւ ՊՆ-ի մոտեցումները: Ըստ էության, պաշտպանության նախարարի միջոցով մենք Ադրբեջանի նկատմամբ հնչեցրել ենք այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավվումն էր պատերազմի մեջ:

 

Սա եւս արվում էր կառավարության անդամի կողմից, եւ վստահաբար, վարչապետի գիտությամբ: Այս ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանին շանս չեն թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով որեւէ բանի կարող է հասնել: Կարելի էր այդպիսի վարք դրսեւորում ունենալ միայն այն պարագայում, երբ ունես այնպիսի առավելություն, այնքան ուժեղ ես, որ կարող ես թքած ունենալ նման կարգի նրբերանգների վրա: Մեր իշխանությունը՝ գիտակցելով, թե չգիտակցելով, արել է ամեն ինչ, որ պատերազմն անխուսափելի դառնա:  

 

Պարտության պատճառների մասին

 

Պատերազմում ջոկատները իրենց տեղը պետք է ունենան։ Կային ջոկատներ, որոնք շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր եւ, կարծում եմ, պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը։ Ըստ էության, մեր ճակատը հյուսիսում եւ հարավում չդիմացավ, նրանք մխրճվեցին մեր առաջնագծով, հյուսիսում հաջողվեց կանգնեցնել ու նոր բնագիծ կառուցել։ Հարավում՝ ընդամենը 14 կիլոմետրի վրա մենք չդիմացանք, հենց առաջին, երկրորդ օրը հետ քաշվեցինք, ադրբեջանցիները զարգացրեցին իրենց գրոհը, ճյուղավորվեցին։ Այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձեւավորել: Այս ամենի պատճառն այն է, որ փորձ արվեց ռազմական օպերացիա իրականացնել, որը կասկածելի էր թվում մի շարք զինվորականների համար եւ ծանր հետեւանքներ ունեցավ հայկական կողմի համար։

 

Օպերացիան կատարվում էր վարչապետի ուղղակի հրահանգով եւ դրա արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը։ Դրանից հետ հարավում բավարար մարտունակ ստորաբաժանումներ չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար։ Այդ ճնշումը կանգնեցնելու համար ընդամենը պետք էր պաշտպանվել 7-10 օր, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ողնաշարի կոտրվելուն: Սխալ որոշումները կայացվել են մեկ մարդու կողմից:

 

Մեր անհաջողություններից մեկը փորձված, փառավոր ճանապարհ անցած հրամանատարների չեզոքացումն էր: Նրանց ներգրավեցին ամենավերջում, երբ գնացքն արդեն գնացել էր:

 

Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, թե ինչպես Շուշին հանձնվեց, այլ հարց է առաջանում, թե ինչպես նրանք հայտնվեցին Շուշիի մոտակայքում։ Ես այդ հարցերի պատասխանը չունեմ։

 

Պատերազմը պետք է կանգնեցվեր 4-րդ օրը՝ Գլխավոր շտաբի զեկույցը ստանալուց հետո պիտի ընդուներ Լավրովի պլանը եւ կանգնեցներ պատերազմը: Այն ժամանակ ադրբեջանցիք հարավում ընդամենը 3-4 կմ էին առաջ գնացել եւ ունեինք մոտ 500 զոհ: Բայց պատերազմը կանգնեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր ունենալուց եւ առանց որեւէ հեռանկարի կարգավիճակով:

 

Ստի մասին

 

Այն սուտը, որ ամեն օր հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի օրերին, այնպիսի խզում մտցրեց պատերազմի նկատմամբ պատկերացումների մեջ Ղարաբաղում, Հայաստանում, որն ուղղակի քայքայում էր մեր բանակը: Այսպիսի ստից հետո մարդիկ դադարում են վստահել պետությանը, իսկ անվստահությունը պետության նկատմամբ անմիջապես տարածվում է զինվորի համար պետության ներկայացուցչի՝ սպայի նկատմամբ: Բազմաթիվ էին դեպքերը, երբ զինվորները չէին ենթարկվում սպային, հատկապես մոբիլիզացիոն ռեսուրսից: Պատճառն այդ սուտն էր, որը ոչ թե բանակում, այլ հայտնի ՊՈԱԿ-ի կողմից էր հորինվում, եւ դուք գիտեք, թե ում է ենթարկվում այդ ՊՈԱԿ-ը: Այս բոլորը քաղաքական իշխանության սխալների արդյունք է, հետեւաբար՝ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետը, կառավարությունը, այդ քաղաքական թիմն է պարտվել:

 

Ամբողջ ժողովուրդը, երկիրն ու ինքը գերի էր դարձել իր ստերին:

 

Արտահերթ ընտրությունների մասին

 

Ունենք իշխանություն, որը պարտությունը փաթաթում է ժողովրդի վզին: Վատ կռվող ժողովուրդ չկա, կան պատերազմը վատ կազմակերպող իշխանություններ: Պարտված իշխանությունը պետք է փոխվի: Վարչապետի դեմքը մարմնավորում է այս խայտառակ պարտությունը:

 

Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է։ Մենք տեսանք, թե էյֆորիայի տակ ընտրություններն ինչ արդյունք են տալիս։ Այդ փորձը ունենալով՝ պետք է հասկանանք, որ պետք է ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպել։ Ակնհայտ է, որ այս իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ, խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։ Ողջունում եմ ընդդիմադիր ուժերի որոշումը, կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որեւէ մեկին, ով այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։

 

Իմ բոլոր հնարավորություններով փորձելու եմ անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը մեր երկիրը հաղթահարի, անմասն չեմ մնալու, անկասկած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին