Տրենին. «Հայաստանը Ռուսաստանի համար այնքան էլ հուսալի դաշնակից չէ» - Mediamax.am

11421 դիտում

Տրենին. «Հայաստանը Ռուսաստանի համար այնքան էլ հուսալի դաշնակից չէ»


Լուսանկարը` https://amcham.ru


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը կարծում է, որ «Հայաստանը Ռուսաստանի համար այնքան էլ հուսալի դաշնակից չէ»

Այդ մասին նա գրում է «Ռւսաստանի դաշնակցային քաղաքականությունը. Ինչ անել եւ ինչ փոխել» հոդվածում, որը «Դաշնակիցներ» գրքի գրախոսությունն է:

 

«Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի առաջադիրքն էր Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուղղությամբ: Այսօր նրա տարածքում տեղակայված է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան: Այս առաջատար դիրքը, սակայն, աշխարհագրորեն մեկուսացված լինելով Ռուսաստանի տարածքից, ռազմավարական էքսկլավ է հանդիսանում եւ, հետեւաբար, խոցելի է:

 

Ռուսաստանի պաշտպանության նպատակների համար Հայաստանում ռազմական ներկայությունը առանձնահատուկ արժեք չունի: Տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմավարական սահմանը անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում առաջավոր դիրքերով:

 

Հայաստանը պլացդարմ չէ նաեւ Անդրկովկասում Ռուսաստանի շահերը առաջ մղելու համար՝ Թուրքիայի եւ Իրանի ուղղությամբ: Հայաստանի հետ հարաբերությունների տնտեսական նշանակությունը Ռուսաստանի համար մեծ չէ:  Հայաստանում դիրքի հիմնական արժեքը Անդրկովկասում հարաբերական կայունության պահպանման, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարակշռության, Թուրքիայի հավակնությունների սահմանափակման հնարավորությունն է», - գրում է Տրենինը:

 

«Հայաստանի համար, ընդհակառակը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այս առումով Ռուսաստանը չի կարող անտեսել Ռուսաստանում ապրող ավելի քան 1,2 միլիոն հայերի զգացմունքները: Երեւանյան էլիտան, սակայն, հիմնականում կողմնորոշված է դեպի սփյուռքի այն մասը, որը բնակվում է Ռուսաստանից դուրս (ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում) եւ հաճախ Ռուսաստանին վերաբերվում է արհամարհանքով եւ սպառողի դիրքերից:

 

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության չբերեց. Մոսկվայի աջակցության այլընտրանքի բացակայությունն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր առանձնապես չեն համակրում Ռուսաստանին:

 

Այնուամենայնիվ, այսօր Հայաստանը այդքան էլ հուսալի դաշնակից չէ Ռուսաստանի համար: Եթե հետագայում այս իրավիճակը սկզբունքորեն չփոխվի, Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների նշանակությունը կնվազի եւ այս երկրի հետ կապերը կարող են վերանայվել եւ ճշգրտվել՝ առանց վնասի Ռուսաստանի շահերի համար»,- եզրափակում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին