«Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում «միակ ընդդիմադիր ուժը» կլինի - Mediamax.am

5246 դիտում

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում «միակ ընդդիմադիր ուժը» կլինի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ ԱԺ-ում լինելու է «միակ ընդդիմադիր ուժը»։

«Մեր կուսակցությունը արժեւորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։

 

Միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը, ու երկիրը թեւակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող եւ հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական եւ արժեքային ընդդիմություն է ձեւավորված քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը եւ քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետեւանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

 

Հավատարիմ ենք մեր կուսակցության կողմից որդեգրված արժեքներին եւ սկզբունքներին,  որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի եւ անհատների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին