Վարչապետն ու նախագահը խոսել են արտահերթ ընտրությունների մասին - Mediamax.am

4577 դիտում

Վարչապետն ու նախագահը խոսել են արտահերթ ընտրությունների մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակին եւ արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ եւս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»:

 

«Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, եւ որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարեւոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա», - ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին