Փաշինյանը կոչ է արել չփորձել «խլել հաղթանակը ժողովրդի ձեռքից» - Mediamax.am

5518 դիտում

Փաշինյանը կոչ է արել չփորձել «խլել հաղթանակը ժողովրդի ձեռքից»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում դեռ կան ուժեր, որոնց մտքով անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»:

Վարչապետն այդ մասին ասել է հոկտեմբերի 7-ին՝ ելույթ ունենալով Էջմիածնում՝ քաղաքի 2703-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

 

«Ցավոք, Հայաստանում  դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից: Այդ մարդկանց հուսախաբություն է սպասվում: Հին կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որեւէ շանս Հայաստանի Հանրապետությունում չունի:

 

Ուզում եմ այդ քաղաքական ուժերին ասել, որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: Մեր ժողովուրդը հաղթել է եւ մի փորձեք որեւէ ձեւով փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետեւ Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք մեր երկրում չունենք թշնամիներ եւ թող որեւէ մեր հայրենակից մեզ թշնամի չընկալի, բայց սա չի նշանակում,  որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն եւ ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում: Ցավում եմ, որ այսօր որոշ ուժեր հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը», - նկատել է վարչապետը:

 

«Այսօր շատ են բողոքում, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը երեք անգամ վազում են բրյուսելներ, ստրասբուրգներ, մոսկվաներ, վաշինգտոններ՝ ապացուցելու, թե Հայաստանում մի սարսափելի բռնապետական ռեժիմ է հաստատվում: Հայաստանում որեւէ մեկը չի կարող բռնապետական ռեժիմ հաստատել: Եթե որեւէ մեկի մտքով անցնի Հայաստանում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաեւ «Սանիթեքի» աղբանոցներում: Սա է ճշմարտությունը», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին