«Սասնա Ծռեր»՝ պետք է կալանավորել նախկին ռեժիմի «բոլոր անդամներին» - Mediamax.am

4441 դիտում

«Սասնա Ծռեր»՝ պետք է կալանավորել նախկին ռեժիմի «բոլոր անդամներին»


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը իշխանություններին հորդորում է «ձերբազատվել ժողովրդի իշխանության եւ պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից եւ առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է»:

Ներկայացնում ենք «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության եւ ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին:

 

Նախկին ռեժիմը, որ ձեւավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը եւ այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլեւ պատրաստվում է ռեւանշի եւ արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

 

Զորակցում ենք ՀՀ Վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռեւանշը խափանելու եւ նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում եւ կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության եւ պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից եւ առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

 

Թե անցյալը, եւ թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

 

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

 

Ըստ այդմ, համակարգ փոխելու եւ ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետեւյալ գործողությունները.

 

1.    հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում եւ կալանավորել դրա բոլոր անդամներին,

 

2.    հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաեւ օրենսդիր գործառույթ,

 

3.    ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,

 

4.    գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին եւ հեղափոխության նպատակներին,

 

5.    ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան եւ ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու եւ պատիժներ սահմանելու համար,

 

6.    կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

 

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձեւով եւ համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը եւ, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին