Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը - Mediamax.am

10822 դիտում

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կատարվածը որակել է իբրեւ «իրավական սյուրռեալիզմ»:

«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն կատաարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից, ովքեր հայտարարում էին, որ պետք է կազմալուծեն պետական համակարգը: Սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել: Միայն հիվանդ երեւակայությամբ մարդը կարող է ենթադրել, որ դա հնարավոր մի բան է: Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել հուլիսի 26-ի երեկոյան:

 

 

«Հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող, իրականության մեջ գոյություն չունեցող մեղադրանքներ են: Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այդպիսի շինծու քրեական գործ ստեղծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

 

Հայաստանի երկրորդ նախագահն ասել է, որ իրեն հետապնդելով, իշխանությունները ցանկանում են կանխել իր հնարավոր մասնակցությունը արտահերթ ընտրություններին:

 

«Բանակն է մեղադրվում. պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում: Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է, էլ անելիք չունե՞նք, բանակի պախարակումը ինչի՞ համար է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Նախկին նախագահն ասել է, որ պատրաստ է հայտնվել անազատության մեջ, պայքարելու է իր իրավունքների համար է համոզված է, որ ի վերջո հաղթելու է:

 

«Այո, վաղը չէ մյուս օրը ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչեւ վերջ. եթե մտածում են, թե փախչելու եմ, չէ, ինչի՞ պետք է փախչեմ»,- ասաց նա:

 

«Իրենք մտնում են դատարան՝ ինձ կալանքի տակ վերցնելու համար: Ղարաբաղի առաջին նախագահը, ՀՀ երկրորդ նախագահը, Ղարաբաղի նախագահը, որի ժամանակ փառավոր հաղթանակներ են եղել, անվտանգության գոտի է ձեւավորվել, եւ այն նախագահը, որի ժամանակ ՀՀ տնտեսությունն աճել է 5 անգամ, վաղը չէ մյուս օրը կարող է հայտնվել բանտում: Ես պատկերացնում եմ այն հրճվանքը, որ Ադրբեջանում պետք է ապրեն»,-  ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Հուլիսի 26-ի երեկոյան ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ:

 

ՀՔԾ հաղորդագրությունում ասված է.

 

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին