Տեր-Պետրոսյան. Ինքնագործ ակցիաներն ուղղված են Փաշինյանի դեմ - Mediamax.am

8129 դիտում

Տեր-Պետրոսյան. Ինքնագործ ակցիաներն ուղղված են Փաշինյանի դեմ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կրկին անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին:

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարեւոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգեւորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսեւորել եւ փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երեւույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեեւ իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի եւ ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաեւ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սեւանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, եւ այլն», - գրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ հրապարակման մեջ:

 

Նա նշել է, որ «Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարեւորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է»: 

 

«Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթեւեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեեւ ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ եւ ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաեւ նախկին ռեժիմի կողմից, որը, թեեւ նահանջել է, բայց ամենեւին չի կապիտուլացվել», - կարծիք է հայտնել Տեր-Պետրոսյանը:

 

 

Առաջին նախագահը համոզմունք է հայտնել, որ մի քանի օր հետո հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` «երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա եւ խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից»: 

 

«Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով եւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը եւ երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել», - գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

«Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաեւ ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար», - ասել է Հայաստանի առաջին նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին