7475 դիտում

Արմեն Սարգսյանը համաձայնել է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնել է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում։

Այդ մասին նա այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ դրանք տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․

«Ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:

Մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն:

Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, և այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am