Քննարկվել է Համահայկական խորհրդի ձեւավորումը - Mediamax.am

44478 դիտում

Քննարկվել է Համահայկական խորհրդի ձեւավորումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի եւ Համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքներին:

Սահմանադրական դատարանի նախագահ, Համահայկական խորհրդի ձեւավորման կազմակերպչական հանձնախմբի պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը նշել է, որ խորհրդի հիմնական մոտեցումներն ու մեխանիզմները կքննարկվեն սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:

 

Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:

 

Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումն ընդունվել էր 2015թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը, ամփոփելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները,  նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին