ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը - Mediamax.am

14686 դիտում

ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը


Արա Բաբլոյանը
Արա Բաբլոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ այսօր Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջադրած թեկնածու Արա Բաբլոյանը:

Նրա օգտին քվեարկել է 88, դեմ՝ 12 պատգամավոր:

 

«Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը, ստացել է 12 կողմ, 88 դեմ ձայն:

 

«ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր քվեով ձեւավորեց Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ միշտ առաջնորդվելու եմ այս սկզբունքով: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են պետության եւ ժողովրդի շահերից: Անելու եմ հնարավորը, որ իշխանություն- ընդդիմություն համագործակցությունը հնարավորինս ամրապնդվի, որն ուղղված է լինելու ՀՀ զարգացմանն ու առաջընթացին»,- հայտարարել է Արա Բաբլոյանը:

 

Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:

 

1971թ. ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: 2003-2005 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012 թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ:

 

1971-1977 թթ. Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում եղել է մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997 թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990 թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

 

1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն:

 

1991-1997 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:

 

1997-ից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003 թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007 թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007-ից՝ գիտական ղեկավար:

 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին