Վիգեն Սարգսյան. Մենք չենք ցանկանում աշխարհը սեւ ու սպիտակ տեսնել - Mediamax.am

5790 դիտում

Վիգեն Սարգսյան. Մենք չենք ցանկանում աշխարհը սեւ ու սպիտակ տեսնել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Russia Today հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է տարածաշրջանում անվտանգության խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Իրանի հետ համագործակցությանը եւ մի շարք այլ հարցերի:

 

Մեդիամաքսն առանձնացրել է պաշտպանության նախարարի հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:

 

Հավասարության նշան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ

 

Հայաստանի ռազմական դոկտրինան բխում է երկրի ազգային անվտանգության հիմնական դրույթներից. այդ ամբողջ հայեցակարգը կառուցված է այն տրամաբանության վրա, որ Հայաստանը փնտրում է հնարավորություն՝ կյանքի կոչելու իր ազգային գաղափարներն ու խնդիրները ոչ թե հակամարտության սահմանագծի, այլ տարածաշրջանային բոլոր երկրների ու խաղացողների շահերի համընկնման համատեքստում:

 

Մենք հիմնվում ենք այն գաղափարի վրա, որ այսօր միջազգային հանրության առջեւ ծառացած խնդիրները, տարածաշրջանում առկա խնդիրները պահանջում են բոլոր հիմնական խաղացողների սերտ համագործակցությունը, եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգության ռազմավարությունն ու ռազմական դոկտրինան կառուցվում են այն տրամաբանությամբ, որ մենք չենք ցանկանում աշխարհը տեսնել սեւ ու սպիտակ, մենք չենք ցանկանում աշխարհում տեսնել բաժանարար նոր գծեր:

 

Մենք փորձում ենք գտնել շփման այնպիսի թեմաներ, որոնք անհրաժեշտ են ինչպես Արեւելքի, այնպես էլ Արեւմուտքի երկրների համար:

 

Մերձավորարեւելյան եւ հայկական անվտանգությունները

 

Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Հայաստանին, որովհետեւ այս տարածաշրջանը հայկական մեծ Սփյուռքի համար նախեւառաջ տուն է եղել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, չի կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի:

 

Մինչ այժմ Հալեպում գոյություն ունի ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, եւ Հայաստանը միակ երկիրն է, որ մինչ այժմ շարունակում է Հալեպում իր հյուպատոսության աշխատանքը: Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված մի շարք նախագծեր:

 

Մերձավոր Արեւելքը Հայաստանից մեկուկես-երկու ժամվա թռիչքի հեռավորության վրա է: Եվ բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող ուղղակիորեն չազդել մեր տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա:

 

«Գլխավոր մարտահրավերը ժողովրդավարական բարեփոխումներն են»

 

Ես վստահ եմ, որ Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումն է, որովհետեւ կառավարման համակարգը՝ հիմնված քաղաքացիական հասարակության ներգրավվածության բաց մեխանիզմների, բոլոր ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա, անկասկած, երկրի անվտանգության ամենակարեւոր երաշխիքներից է:

 

ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն

 

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է երկկողմ եւ բազմակողմ մի շարք ձեւաչափերում, նախեւառաջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Մենք մեծ պատասխանատվությամբ մոտեցանք այդ կազմակերպությունում անցած տարի մեր նախագահությանը: Շատ ուրախ ենք, որ հենց մեր նախագահության ընթացքում հնարավոր դարձավ ընդունել ՀԱՊԿ անվտանգության ռազմավարությունը եւ հույս ունենք, որ մեր կազմակերպությունը կկարողանա իսկապես ստեղծել գործիքներ՝ անհրաժեշտ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համակարգում ավելի ակտիվ ներգրավվածության համար, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի զորախումբը:

 

Այսօր Հայաստանն ակտիվ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, եւ այդ համագործակցության հիմնական բաղադրիչը մեր մասնակցությունն է խաղաղարար գործողություններին: Մենք կարծում ենք, որ դա հնարավորություն է տալիս մեր երկրին իր ներդրումն ունենալ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում:

 

«Առանց վստահության ԼՂ խնդիրն անհնար է լուծել»

 

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է՝ պետության ճանաչման միջոցով: Չնայած ճանաչված չլինելուն՝ Ղարաբաղը կարողացել է ապացուցել, որ անգամ այդ պայմաններում հնարավոր է կառուցել անվտանգության, դատական իշխանության համակարգեր եւ երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ: Եվ ես կարծում եմ, որ առանց այդ իրողությունները լիարժեք հաշվի առնելու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պարզապես անհնար է:

 

Մենք հիմնվում ենք նրա վրա, որ գոյություն ունի հրադադարի մասին միջազգայնորեն ամրագրված համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող է եւ անժամկետ: Փաստաթուղթը կնքվել է այն համատեքստում, որ կողմերը՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, համաձայնել են այդ հակամարտության կարգավորման ուղիները որոնել բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Մենք կարծում ենք, որ հրամայական է 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը, եւ շփման գծում մոնիթորինգի, իրավիճակի գնահատման անկախ փորձագիտական մեխանիզմների ստեղծումը վստահության կառուցման կարեւոր բաղադրիչ է, իսկ առանց վստահության՝ նման հակամարտությունը պարզապես հնարավոր չէ լուծել:

 

Համախմբում բանակի շուրջ

 

Հայ հասարակության տրամադրվածությունը եւ համախմբումը բանակի շուրջ իսկապես շատ բարձր մակարդակի վրա է:

 

Հայաստանը, միջազգային վիճակագրության համաձայն, ամենառազմականացված երկրներից է՝ հաշվի առնելով զինված ուժերի եւ երկրի բնակչության թվի հարաբերակցությունը: Դա իսկապես մեծ բանակ է, եւ պաշտպանության նախարարի պաշտոնին անցնելով՝ ես առաջարկեցի վերադառնալ «ազգ-բանակ» հայեցակարգին:

 

Զուսպ ու հավասարակշիռ Իրանը

 

Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Իրանը ցուցաբերել է չափազանց խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ:

 

Մշտապես առաջարկելով իր ջանքերը կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ՝ Թեհրանը զբաղեցնում է զուսպ եւ հավասարակշռված դիրքորոշում:

 

Թեհրանը հիմնվում է կայունության պահպանման, հակամարտությունների զարգացումը կանխելու անհրաժեշտության վրա, ինչը համընկնում է Հայաստանի դիրքորոշման հետ: Հուսով ենք, որ մեր պաշտպանական գերատեսչությունների միջեւ երկխոսությունը նույնպես կհասնի այն մակարդակին, որի վրա է հայ-իրանական հարաբերությունների ամբողջ փաթեթը:

 

«Կանխատեսելի Անկարան ձեռնտու է նաեւ Երեւանին»

                    

Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ամբողջությամբ պաշտպանում է Ադրբեջանին, ինչը զրկում է նրան տարածաշրջանում հավասարակշիռ խաղացողի դերից: Տարածաշրջանը շատ նուրբ է, եւ իմ կարծիքով՝ նման դիրքորոշումը չի բխում հենց Թուրքիայից շահերից: Կարծում եմ՝ Թուրքիան ինքն է իրեն մեկուսացրել տարածաշրջանում՝ շրջափակելով Հայաստանը եւ վերջինիս նկատմամբ ատելություն սերմանելով:

 

Մենք կարծում ենք, որ 21-րդ դարում փակ սահմաններն ու փակված երկաթուղիները անախրոնիզմ են:

 

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք կարող են ջերմանալ կամ սառել, իսկ մեզ (Հայաստանին եւ Ռուսաստանին – խմբ.) կապում է ռազմավարական համագործակցությունը: Դրանք համադրելի կատեգորիաներ չեն:

 

Իհարկե, եթե Ռուսաստանը կարողանա Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որ Անկարան Մոսկվայի համար կանխատեսելի դառնա, ապա այդպիսի հարաբերությունները հնարավոր է՝ ձեռնտու լինեն Հայաստանին: 

 

Վստահ չեմ, թե ինչ արագությամբ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով նաեւ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հենց Թուրքիայում:

 

Հետխորհրդային համագործակցություն

 

Հայաստանը զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնականում ՀԱՊԿ-ում իր մասնակցության ձեւաչափով եւ Ռուսաստանի հետ երկկողմ մակարդակում:

 

Որպես ՀԱՊԿ անդամ եւ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր երկկողմ համաձայնագրերը՝ մենք այսօր կարող ենք զենք եւ տեխնիկա գնել անմիջականորեն ռուսաստանցի արտադրողներից՝ ներքին գներով, ինչը, անկասկած, շատ կարեւոր բաղադրիչ է մեր ռազմատեխնիկական ներուժի զարգացման մեջ:

 

Մենք բավական  ինտենսիվ երկխոսություն ենք վարում ռազմաարդյունաբերական փոխգործակցության հնարավոր ընդլայնման հարցի շուրջ, եւ մի քանի շաբաթ անց Մոսկվայում կանցկացվի ռազմաարդյունաբերական ոլորտում մեր գործընկերության զարգացման թեմայով համաժողով, որը շատ կարեւոր ուղղություն է:

 

Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի շրջանակում նույնպես կկարողանանք գտնել լայն հնարավորություններ բոլոր, այդ թվում՝ ռազմագիտական եւ ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության համար, որովհետեւ հենց դա է ընկած Եվրասիական տնտեսական միության տրամաբանության հիմքում: Այդ տեսանկյունից, կարծում եմ, բացվում են բոլորովին նոր հնարավորություններ:

 

«Խելացի» զենքի մասին

 

Երբ «խելացի» են դառնում անգամ սառնարանները, բնականաբար, սպառազինությունները եւ ռազմական տեխնիկան չեն կարող չօգտվել այն առավելություններից, որոնք տրամադրում են բարձր տեխնոլոգիաները:

 

Հոկտեմբերին մենք Հայաստանում անցկացրինք մեծ ցուցահանդես՝ «ԱրմՀայԹեք», որտեղ ներկայացված էին հայ արտադրողների եւ հետազոտական ինստիտուտների շատ ծրագրեր:

 

Մենք հետաքրքրված ենք նորարարական տեխնոլոգիաների զարգացման հարցում եւ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների հետ, եւ կարծում ենք, որ այդտեղ է թաքնված ռազմատեխնիկական համալիրի ապագան:

 

Պաշտպանության «քաղաքացիական» նախարարը

 

Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ նշանակումը ընդունվեց, այսպես ասած, «սիրալիր, սակայն զգոն կերպով»: 

 

Ըստ էության, ես Հայաստանում պաշտպանության նախարարության ոչ առաջին «քաղաքացիական» ղեկավարն եմ:

 

Կարծում եմ, որ այս ամիսներին զինվորականների հետ մեզ մոտ ձեւավորվել են բավական խոր փոխադարձ հարգանք եւ վստահություն: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք զինված ուժերի արդյունավետության բարձրացման միջոցով արմատական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը, իսկ խորհրդարանում քաղաքական մեծամասնության աջակցությունը հիմնաքարային նշանակություն ունի ցանկացած երկրի զինված ուժերի զարգացման հարցում: Այս տեսանկյունից, կարծում եմ, պաշտպանության «քաղաքացիական» նախարարը լիովին բավարարում է զինվորականներին, որոնք կատարում են ամենածանր ու պատասխանատու աշխատանքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին