«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հուշագիր է ստորագրել - Mediamax.am

8757 դիտում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հուշագիր է ստորագրել


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր ստորագրվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման համաձայնագիրը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով:

 

Դաշինքի անդամները հայտարարել են, որ գիտակցում են երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար նոր որակի իշխանության ձեւավորման անհրաժեշտությունը եւ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մի կողմ են դնում անձնական հավակնություններն ու առաջնորդվում բացառապես պետական շահով:

 

Սեյրան Օհանյանն ասել է, որ դաշինքի անդամները ներդնելու են իրենց փորձըˋ կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու համար, փորձելու են վերացնել իշխանությունների ու քաղաքացիների միջեւ եղած անջրպետն ու առաջ տանել տնտեսության բոլոր ուղղությունները:

 

«Մենք ուշադրություն ենք դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու անձնական արժանապատվությանը: Իմ ղեկավարման տարիներին նույն հարթության վրա են եղել զինվորն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետեւ մենք միասին ենք կերտում Հայաստանի անվտանգությանը»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Վարդան Օսկանյանն էլ նկատել է, որ դաշինքի երեք անդամներն իրենց գործունեությամբ կանգնած են եղել անկախ Հայաստանի եւ Արցախի կերտման ակունքներում:

 

«Սա մեր հազվագյուտ առիթներից մեկն է՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Մենք չենք կասկածում, որ շատ արագ կարող ենք շատ բան փոխել Հայաստանում»,- ասել է Վարդան Օսկանյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ «դաշինքը մտնում է անհավանական պայքարի մեջ»:

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում են նաեւ «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» եւ «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին