4 հարց ու պատասխան COVID-19-ի «Դելտա» տարբերակի մասին - Mediamax.am

5385 դիտում

4 հարց ու պատասխան COVID-19-ի «Դելտա» տարբերակի մասին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Երկրորդ տարին է, ինչ մարդկությունն ապրում է COVID-19 համավարակի պայմաններում: Մի կողմից ստեղծվել են պատվաստանյութեր, որոնցով հնարավոր է կանխել այս հիվանդությունը կամ մեղմել դրա ընթացքը, իսկ մյուս կողմից առաջացել են SARS-CoV-2-ի նոր տարբերակներ, որոնք ԱՀԿ-ն բավական մտահոգիչ է համարում։:

 

SARS-CoV-2-ի մտահոգիչ տարբերակներից է Դելտան: Այն, համավարակի մյուս տարբերակների հետ համեմատ, շատ ավելի արագ է տարածվում ամբողջ աշխարհում եւ հանգեցնում է չպատվաստված անձանց շրջանում վարակման ու հոսպիտալացման ծավալների մեծացմանը։

 

Եվրոպական շատ երկրներում այժմ նկատվում է տարածման տեմպերի աճ, նույնիսկ այն երկրներում, որտեղ դեպքերը մնում են համեմատաբար ցածր: Այս ամենի ֆոնին՝ միլիոնավոր մարդիկ շարունակում են չպատվաստված մնալ՝ չնայած պետությունների գործադրած հսկայական ջանքերին։

 

Ի՞նչ գիտենք Դելտա տարբերակի մասին: Որքանո՞վ են արդյունավետ դրա դեմ պատվաստանյութերը: Ինչպե՞ս պաշտպանվել։ Մեդիամաքսը ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ փորձել է պատասխանել այս հարցերին։

 

1. Ի՞նչ է ասում ԱՀԿ-ն Դելտա տարբերակի վերաբերյալ։

 

Դելտա տարբերակն ավելի արագ է տարածվում, ինչպես եւ որոշ այլ տարբերակներ: Ներկայում հաստատված պատվաստանյութերն արդյունավետ են այս պահին հայտնի տարբերակների դեմ։ Իրավիճակը կարող է փոխվել, ինչի համար ԱՀԿ-ն ուշադիր հետեւում է հետեւյալ ասպեկտներին՝ փոխանցելիություն, ծանրության աստիճան, պատվաստանյութի արդյունավետություն։

 

ԱՀԿ-ն՝ համադրելով ստեղծված իրավիճակը պատվաստանյութերի անհավասար հասանելիության եւ շարունակական տարածման հետ, համավարակի ավարտ դեռեւս չի կանխատեսում։

Լուսանկարը` REUTERS

ԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց լինել սեփական ռիսկերի կառավարիչը` անվտանգ պահելու թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց: Պատվաստանյութերը չափազանց լավ են պաշտպանում ծանր հիվանդություններից եւ մահից, բայց պատվաստումից հետո հնարավոր է կրկին վարակվել։ Հետեւաբար, անհրաժեշտ է շարունակել իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ մինչեւ վարակի հաղթահարումը:

 

2. Ո՞րն է Դելտա տարբերակից մտահոգվելու պատճառը:

 

Շրջանառվող վարակները մուտացիայի են ենթարկվում, եւ հաճախ այդ մուտացիաներն ու տատանումները փոփոխություն չեն առաջացնում հիվանդության կամ հիվանդության փոխանցման ընթացքում, սակայն վիրուսի բնական էվոլյուցիան կարող է հանգեցնել նաեւ վիրուսի հիմնական առանձնահատկությունների եւ դրանց հետեւանքով առաջացած հիվանդությունների փոփոխություններին:

 

Համավարակի Դելտա տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին։ Հետագայում այն սկսել է տարածվել Եվրոպայում։

 

Դելտա տարբերակն այժմ հայտնաբերվել է ավելի քան 104 երկրներում եւ սպասվում է, որ շուտով այն կլինի աշխարհում շրջանառվող տարբերակներից գերակշռողը։

 

Ակնկալվում է, որ մինչեւ օգոստոս Եվրոպայում կգերակշռի Դելտա տարբերակը։

 

Դելտա տարբերակն ավելի փոխանցելի է, ինչպես եւ՝ որոշ այլ տարբերակներ: Լավ նորությունն այն է, որ ներկայում հաստատված պատվաստանյութերը չափազանց լավ են պաշտպանում ծանր հիվանդություններից եւ մահից: Այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ պատվաստումից հետո հնարավոր է կրկին վարակվել վիրուսով, այսպիսով, չի կարելի մոռանալ նաեւ պաշտպանող միջոցների մասին։

 

3. Ի՞նչ է հայտնի, այսպես կոչված, «Դելտա պլյուս» տարբերակի մասին:

 

Թռչնագրիպի տվյալների շտեմարանի համօգտագործման գլոբալ նախաձեռնության (GISAID) համաձայն՝ այս տարբերակի առաջին նմուշը հայտնաբերվել է Հնդկաստանում 2021 թվականի ապրիլին։ Դրա առկայության մասին հաղորդվել է նաեւ շատ այլ երկրներից:

Լուսանկարը` REUTERS

Այսպես կոչված՝ «Դելտա պլյուսն» իրականում Դելտա տարբերակն է` նոր մուտացիայով: ԱՀԿ-ն ուշադիր հետեւում է Դելտայի այդ տարբերակին, ինչպես դա անում է լրացուցիչ մուտացիաներով այլ տարբերակների դեպքում։

 

Այս պահին Դելտայի այս տարբերակը կարծես թե շատ տարածված չէ, ներկայում կազմում է GISAID- ում վերբեռնված Դելտայի հաջորդականությունների միայն մի փոքր մասը:

 

Դելտան եւ շրջանառվող այլ մտահոգիչ տարբերակները շարունակում են առողջության համար ավելի ռիսկային լինել, քանի որ դրանք արձանագրել են փոխանցելիության աճ:

 

4. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել COVID-19-ից եւ դրա տարբերակներից։

 

SARS-CoV-2-ի հետագա գենետիկական փոփոխությունները կանխելու եւ դրանով իսկ նոր տարբերակների հավանականությունը նվազեցնելու բանալին վիրուսի շրջանառությունը փոքրացնելն է` հետեւելով COVID-19-ի անհատական պաշտպանիչ միջոցներին` դիմակ կրել, ձեռքերը լվանալ, անվտանգ հեռավորություն պահպանել, լավ օդափոխություն ապահովել եւ ստանալ պատվաստումների ամբողջ չափաբաժինը:

Լուսանկարը` REUTERS

Ներկայում հաստատված պատվաստանյութերը գործում են ընդդեմ ընթացիկ տարբերակների եւ արդյունավետ են ծանր հիվանդությունների ու վիրուսի տարբերակների, ներառյալ՝ Դելտայի հետեւանքով արձանագրվող հնարավոր խնդիրների ժամանակ: ԱՀԿ-ն հայտնաբերել է նաեւ պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո իմունային փախուստի որոշ ապացույցներ, բայց ծանր հիվանդությունից եւ մահից պաշտպանությունը հիմնականում պահպանվում է ամբողջական պատվաստումից հետո:

 

Ժամանակ է անհրաժեշտ, որ երկրորդ դեղաչափից հետո պաշտպանությունը հասնի  առավելագույն մակարդակին։ Մեկ դեղաչափ պատվաստանյութի դեպքում մարդիկ ունեն առավելագույն պաշտպանություն COVID-19-ի դեմ պատվաստումից մի քանի շաբաթ անց։

 

Մարդկանց հարկավոր է երկու դեղաչափ ստանալ, որպեսզի ունենան պաշտպանության ամբողջական մակարդակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին