Ռուսերենը՝ պաշտոնական լեզու Արցախում․ 3 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
10716 դիտում

Ռուսերենը՝ պաշտոնական լեզու Արցախում․ 3 հարց ու պատասխան


Լուսանկարը`


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հայերենից բացի պաշտոնական լեզվի կարգավիճակ կստանա նաեւ ռուսերենը, իսկ հայերենը շարունակում է մնալ երկրի պետական լեզուն։ Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում 3 հարց ու պատասխան է ներկայացնում նախագծի վերաբերյալ։

 

1․ Ինչո՞ւ է կարգավիճակ ստանում ռուսերենը։

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Արցախում ռուսաստանցի խաղաղապահների երկարաժամկետ ներկայության եւ բազմաթիվ սոցիալական ու հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում են ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

 

«Հաշվի առնելով Արցախի եւ Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը եւ այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարեւոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժեւորումը եւ նոր օրակարգի ձեւավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը»,- ասված է հիմնավորման մեջ։

 

2․ Ի՞նչ կարգավիճակ է ստանում ռուսերենը։

 

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը եւ ռուսերենը»։

 

Օրինագծի ընդունման դեպքում Արցախում ռուսերենը՝ հայերենի հետ միասին ստանում է պաշտոնական լեզվի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ պետական գործառնությունները կարող են կատարվել նաեւ ռուսերենով։

 

Այսպիսով՝ Հանրապետությունը խրախուսում է հայերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն եւ ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

 

3․ Ինչո՞վ է տարբերվում պաշտոնական լեզուն պետական լեզվից։

 

«Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ինչպես նաեւ Արցախի Սահմանադրության 20-րդ հոդվածով սահմանված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Այս դրույթը նոր օրենքի նախագծով մնում է անփոփոխ։

 

Օրենքի համաձայն՝ Արցախում լեզվի կարգավիճակի երկու կատեգորիա է կիրառվում՝ պետական լեզու եւ պաշտոնական։ «Լեզվի մասին» Արցախի Հանրապետության գործող օրենքում տրված են այդ կատեգորիաների սահմանումները։

 

Պետական լեզուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզուն է։

 

Պաշտոնական լեզուն հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու։

 

Նոր փոփոխությամբ պետական լեզվի սահմանումը մնում է անփոփոխ, իսկ պաշտոնական լեզվի սահմանումը ներկայացվում է հետեւյալ խմբագրմամբ․ «պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու»։

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին