5 ոչ խուճապային փաստ COVID-19-ի մասին - Mediamax.am

23809 դիտում

5 ոչ խուճապային փաստ COVID-19-ի մասին


Լուսանկարը` REUTERS


Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսեյ Պոտեխինը «Էխո Մոսկվի» կայքում հրապարակված իր սյունակում ներկայացրել է նոր կորոնավիրուսի մասին փաստեր:

 

 Ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում դրանց ամփոփումը։ 

 

Սա պարզապես կորոնավիրուս է

 

Սա պարզապես կորոնավիրուս է: Սա ժանտախտ չէ, ոչ էլ կարմրուկ: Սա նույնիսկ այն կորոնավիրուսը չէ, որը 2002-ին ատիպիկ թոքաբորբի պատճառ դարձավ եւ շատ ավելի կոշտ էր: Ներկայիս վիրուսը սպանում է, բայց սպանում է չափավոր: 

 

Աշխարհում տուբերկուլյոզից ամեն օր նույնքան մարդ է մահանում, քան մինչ օրս մահացել է COVID-ից: Նույնքան էլ մալարիայից: Պարզապես, մենք այդ թվերին չենք հետեւում առցանց:

 

Վիրուսը, ցավոք, բավականին վարակիչ է

 

Վիրուսը, ցավոք, բավականին վարակիչ է։ Ավելի վարակիչ է, քան գրիպը, բայց ավելի քիչ վարակիչ, քան խոզուկը կամ կարմրախտը, էլ չեմ խոսում կարմրուկի մասին: Մեր երեւակայության վրա ազդում են վարակվածների եւ մահացածների իրական ժամանակում աճող թվերը:

 

Դա անխուսափելի էր

 

Վիրուսը դուրս է եկել մեկ երկրի սահմաններից եւ բռնկումներն առաջացել են ամբողջ աշխարհով մեկ: Դա անխուսափելի էր: Պետք չէ վախենալ «համավարակ» բառից. դա միայն նշանակում է, որ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել աշխարհի շատ երկրներում, այլ ոչ թե այն, որ մարդկությունը կանգնած է ոչնչացման վտանգի առջեւ: Բայց եթե յուրաքանչյուր երկիրն առաջիկա ամիսներին կրկնի Չինաստանի ուղին, ապա դեպքերը շատ կլինեն: Ամեն դեպքում վարակը կդիպչի յուրաքանչյուր երկրի բնակչության փոքր տոկոսին, բայց ընդհանուր հաշիվը զգալի կլինի:

 

Անվտանգության միջոցառումները, որոնք ձեռնարկել էր Չինաստանը եւ այժմ ձեռնարկում է Եվրոպան եւ ամբողջ աշխարհը, աննախադեպ են: Դրանց հիմնական նպատակն է՝ նվազեցնել հիվանդանոցների վրա միաժամանակյա բեռը, երկարաձգել վարակի տարածումը ժամանակի մեջ։

 

Այն չի վերանա

 

SARS-CoV կորոնավիրուսը չի անհետանա մեր կյանքից: Այն չի վերանա: Նրան չեն ոչնչացնի կարանտինները: Դրա՝ ինչպես նաեւ այլ վիրուսների դեմ, դեղամիջոցներ չկան, բժշկական ցուցումներն աջակցող թերապիա են։ Պատվաստանյութը կհայտնվի (կարծում եմ՝ ամռանը), բայց այն մասսայական պրակտիկայի մեջ տարեվերջից շուտ չի մտնի։ 

 

Հետեւաբար, աշխարհի բնակչության մեծ մասը դատապարտված է այս վիրուսը տանել: Եվ սա կարեւոր է, քանի որ վարակիչ հիվանդությունների լավագույն միջոցը հավաքական իմունիտետն է: Շատերը կտանեն վիրուսը, եւ մարդկությունը կսկսի վերադառնալ բնականոն կյանքի։

 

Կարանտինային միջոցառումներն արդարացված են

 

Երեկոյան բար գնալու կամ անծանոթ տարեց մարդու (ում մենք կարող ենք ակամա փոխանցել վիրուսը) մահվան ընտրության միջեւ մեզանից ո՞վ կընտրի բար գնալը։ Հավանաբար, եթե ձանձրույթի գինը չափվում է տարեցների կյանքով, բոլորը պատրաստ են ձանձրանալ տանը՝ առանց դուրս գալու եւ զվարճանալու:

 

Ավելին, չպետք է շփոթել ամբողջական ինքնամեկուսացումը սոցիալական գործունեության ողջամիտ նվազման հետ: Այս վիրուսն այդքան սարսափելի չէ, որ թույլ տանք դրան կաթվածահար անել կյանքը: Այսօրվա մեմերից մեկում շատ լավ էր ասվում՝ եթե 14 օրվա կարանտինի համար ձեզ անհրաժեշտ է 144 զուգարանի թուղթ, ապա դուք պետք է բժշկի դիմեիք նախքան կորոնավիրուսի հայտնվելը։ 

 

Պետք չէ վախենալ դուրս գալ տնից, պետք չէ վախենալ աշխատանքի գնալ, եթե իսկապես գնալու կարիք կա: Ընդհանրապես պետք չէ վախենալ այդ վարակը տանելուց։ Պետք է վախենալ պապիկների եւ տատիկների համար, եւ այժմ ավելի լավ կլինի, որ նրանք ավելի քիչ դուրս գան եւ շփվեն այլ մարդկանց հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին