StAR՝ երկրից գողացված փողերը վերադարձնելու մեխանիզմները - Mediamax.am

exclusive
4525 դիտում

StAR՝ երկրից գողացված փողերը վերադարձնելու մեխանիզմները


Լուսանկարը` Elite Limo

Լուսանկարը` Frank Boston

Լուսանկարը` Toolstotal.com

Լուսանկարը` Toolstotal.com


Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «կառավարությունը փորձելու է հետ բերել երկրից ապօրինաբար դուրս բերված միջոցները»՝ Համաշխարհային Բանկի եւ Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված Stolen Asset Recovery Initiative-ի (StAR) օգնությամբ։

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է, թե ինչ գործիքներով է աշխատում StAR-ը եւ ինչպես կարող է օգնել Հայաստանին վերադարձնել գողացված միջոցները:

 

1. Ինչո՞վ է զբաղվում StAR-ը:

 

The Stolen Asset Recovery Initiative-ը (Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնություն) ծնվել է Համաշխարհային բանկի ու Միացյալ ազգերի կազմակերպության համագործակցության արդյունքում: Այն աջակցում է միջազգային ջանքերին՝ գողացված ակտիվների վերադարձման եւ կոռումպացված հիմնադրամների ապահով ապաստարաններին վերջ դնելու գործում: 

 

StAR-ն աշխատում է զարգացող երկրների եւ ֆինանսական կենտրոնների հետ՝ կոռուպցիոն եկամուտների լվացման գործընթացը կանխարգելելու համար եւ գործիքներ է տրամադրում երկրներին, որպեսզի գողացված ակտիվներն առավել համակարգված ու ժամանակին վերադարձվեն:

 

2. Ի՞նչ գործիքներ է առաջարկում StAR-ը:

 

STAR-ն առաջարկում է գիտելիքներ, փորձ եւ խորհրդատվություն, որոնք կօգնեն երկրներին վերականգնել գողացված ակտիվները: 

 

Նախաձեռնությունն առաջարկում է օգտվել իրենց գիտելիքներից, որոնք ամփոփված են կայքում տեղադրված գրականության ցանկում: Գողացված ակտիվների վերականգնման հարցում բարեփոխումների քաղաքականության մշակողներին կարող է օգնել «Գողացված ակտիվների վերականգնման խոչընդոտները» զեկույցը, ինչպես նաեւ «Քաղաքականորեն բացահայտված անձիք» փաստաթուղթը: 

 

3. Ի՞նչ եղանակներով կարող է StAR-ն օգնել հետաքրքրված երկրներին: 

 

StAR-ը կարողությունների զարգացման եւ երկրներին գործնական օգնության միջոցով օգնում է ներգրավվել ակտիվների վերականգնման գործընթացում՝ միջազգային համագործակցությանը մասնակցող կողմերի միջեւ միջնորդի դեր ստանձնելով:

 

StAR-ն առաջարկում է փորձառություն՝ կենտրոնանալով փաստացի գործերով միջազգային գործակցությանն օգնություն տրամադրելու վրա:

 

Լուսանկարը` Frank Boston

 

Այն նաեւ օգնում է ապահովել ակտիվների բարեհաջող վերադարձի համար անհրաժեշտ ճիշտ քաղաքականություն եւ տեղական մեխանիզմներ՝ փողերի լվացման դեմ պայքար, թափանցիկություն եւ բանկային գաղտնիքի վերացում, հանրային ծառայությունների ամբողջականություն (ֆինանսական բացահայտում) եւ կանխարգելիչ միջոցառումներ ֆինանսական ոլորտում:    

 

4. Սովորաբար,  որքա՞ն ժամանակ են պահանջում ակտիվների վերականգնման գործերը:

 

Ակտիվների վերականգնումը երկարատեւ իրավական գործընթաց է, (հետաքննության մեկնարկից բռնագանձման դատավճիռ ու գողացված ակտիվների վերադարձ) կարող է պահանջել մինչեւ վեց տարի: Կան դեպքեր, որ շատ ավելի երկար ժամանակ են պահանջել: 

 

5. Ի՞նչ է ասել StAR-ի թիմի անդամը Հայաստանի հեղափոխությունից հետո:

 

StAR-ի թիմի անդամ, ՀԲ առաջատար ֆինանսիստ, ֆինանսական շուկայի ամբողջականության եւ ակտիվների վերականգնման մասնագետ Էմիլ վան դեր Դուզ դե Վիլեբոան (Emile van der Does de Willebois) հայտարարություն է արել, որում անդրադարձել է Հայաստանի եւ Մալազիայի ընտրություններից հետո ամերիկացի քաղաքագետ Անն Մարի Սլաթերի՝ Financial Times-ում տպագրված հոդվածին, որում հեղինակը գրել էր. 

 

«Վերջին 18 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ կոռուպցիոն խնդիրները քայքայում են կառավարությունները եւ նույնիսկ հանգեցնում են նախագահների ազատազրկման…»:  

 

Լուսանկարը` Toolstotal.com

 

Իր հայտարարության մեջ Էմիլ վան դեր Դուզ դե Վիլեբոան ասում է. 

 

«Պատասխանները տարբերվում են՝ կախված ազգային համատեքստից, բայց որոշ երկրների պատասխանը եղել է այն, որ կենտրոնացել են հանրային կոռուպցիայի եկամուտները հանրությանը վերադարձնելու վրա: Դա հանցագործներին պատասխանատվության ենթարկելու եւ գողացված միջոցներն արդյունավետ նպատակների ծառայեցնելու ամենահեշտ ուղին է: StAR նախաձեռնությունը նկատել է մեր աշխատանքի հանդեպ աճող հետաքրքրություն: Մենք մեր առաքելությունների շրջանակներում եւս երկու երկիր ենք ներառել եւ հույս ունենք առաջիկա ամիսներին մի քանիսով այդ թիվը մեծացնել: Այս պահին, երբ կոռուպցիան իշխում է ողջ աշխարհում, StAR-ում դիմումների քանակը մեզ դրական նշան է տալիս, որ երկրները ցանկանում են անցյալի սխալներն ուղղելու գործնական ուղիներ գտնել»: 

 

6. StAR-ն ունի՞ մեթոդներ բացահայտելու այն դեպքերը, երբ ակտիվների վերականգնման գործերը քաղաքական պատճառներով են առաջ գալիս:

 

StAR-ի օժանդակության մեծ մասն ուղղված է ազգային իշխանությունների ունակությունների զարգացմանը՝ ընդհանուր առմամբ ակտիվների վերականգնման գործերի հետապնդման համար: 

 

Այնուամենայնիվ, ինչպես պնդում են նախաձեռնությունում, StAR-ը գիտակցում է, որ ցանկացած երկրի քրեական արդարադատության համակարգը կարող է չարաշահվել քաղաքական նպատակների համար, եւ կոռուպցիայի մեջ մեղադրյալները կարող են պնդել, որ իրենց մեղադրողները քաղաքականությամբ են մոտիվացված: Նման ռիսկերը մեղմելու համար StAR-ը հիմնային գնահատում է իրականացնում այն երկրներում, որոնց օգնություն է տրամադրում՝ ուսումնասիրելով ակտիվների վերականգնման ինստիտուցիոնալ, իրավական եւ քաղաքական ենթատեքստը:

 

7. Ներգրավվո՞ւմ է StAR-ը գործող պաշտոնյաների դեմ գործերում: 

 

StAR-ն աջակցում է ազգային իշխանություններին իրենց ակտիվների վերականգնման ծրագրերի իրականացման գործում: Կարիք կա՞ հետապնդել ընտրված պաշտոնյաներին եւ վերականգնել կոռուպցիայի հասույթը՝ որոշում են ազգային իշխանության մարմինները: Ընտրված պաշտոնյաների հետապնդումը կարող է առաջացնել խնդիրներ, քանի որ նրանք անձեռնմխելիություն ունեն:

 

Այնուամենայնիվ, այդ անձեռնմխելիությունը կարող է դադարեցվել՝ թույլատրելով դատական հետապնդում երկրում կամ դրա սահմաններից դուրս: 

 

Լուսանկարը` Toolstotal.com

 

Բացի այդ, անձեռնմխելիությունը հաճախ չի տարածվում երրորդ անձանց վրա, որոնց անունով գրանցված է լինում ունեցվածքը: Որոշ դեպքերում հնարավոր է հետամուտ լինել միջոցների վերականգնմանը՝ առանց զուգահեռ դատական գործընթացների կամ պաշտոնյաների դատապարտման: 

 

8. Ակտիվների վերականգնման ի՞նչ օրինակներ կան: 

 

Վերջին 21 տարում Ֆիլիպինները վերականգնել են գողացված եւ հիմնականում Շվեյցարիա տեղափոխված ավելի քան $ 1 մլրդ: 

 

2007թ-ի դրությամբ Պերու վերադարձվել էր ավելի քան $ 174 մլն՝ Շվեյցարիայից, Կայմանյան կղզիներից եւ ԱՄՆ-ից: 

 

Շվեյցարիայի իշխանությունների կողմից սառեցվել եւ Նիգերիա է վերադարձվել գողացված $ 700 մլն:

 

2006 եւ 2007թթ.-ին Բրիտանական եւ Հարավաֆրիկյան իշխանություններն օգնել են Նիգերիային վերականգնել $ 17.7 մլն գումար, որն ապօրինի յուրացվել էր պաշտոնյայի կողմից: 

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին