Զոհրաբ Մնացականյան՝ 8 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
13730 դիտում

Զոհրաբ Մնացականյան՝ 8 հարց ու պատասխան


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


«Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը պատմում է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին։

 

1.    Որտե՞ղ է աշխատել Զոհրաբ Մնացականյանը։

 

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից է։

 

ԱԳՆ-ում նա աշխատում է 1991 թվականից:

 

Եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության երկրորդ, հետագայում առաջին քարտուղարը, զբաղեցրել է ԱԳՆ առաջին եվրոպական վարչության, Եվրոպայի վարչության պետի, ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնները:

 

Եղել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպան, Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

 

2011-2014թթ․ Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր։

 

2014 ապրիլին նշանակվել էր Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 

 

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 

2.    ՄԱԿ-ի ո՞ր կառույցներն է ղեկավարել Զոհրաբ Մնացականյանը։

 

2016 թվականի հունվարին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ընտրվել էր կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:

 

3.    Որ՞ն եղել է Զոհրաբ Մնացականյանի առաջին հանձնարարությունը ԱԳՆ-ում։

   

«Երբ նախարարություն եկա, ինձ որպես քննություն հանձնարարվեց նամակ գրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Այդպես, իմ առաջին աշխատանքն եղավ ՀՀ արտգործնախարարի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին նամակի նախագծի պատրաստումը», - պատմել էր Զոհրաբ Մնացականյանը 2012 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում։

 

4.    Ինչի՞ համար 2017 դեկտեմբերին Զոհրաբ Մնացականյանը շնորհակալագիր ստացավ ՀՀ նախագահից։

 

2017թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագրերով պարգեւատրեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ներդրում ունեցած պաշտոնյաներին: Նրանց թվում էր Զոհրաբ Մնացականյանը։

 

Զոհրաբ Մնացականյանը Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր։ Դեռեւս 2013 թվականի հուլիսին նա հայտարարում էր, որ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվելու է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովում եւ լիովին ուժի մեջ կմտնի 2017-2018 թթ:

 

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Ասոցացման համաձայնագրի կնքումը անհնարին դարձավ, սակայն բանակցված փաստաթուղթը դարձավ այն հիմքը, որի վրա կառուցվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

 

5.    Ինչի՞ համար է Զոհրաբ Մնացականյանը Խաղաղության մրցանակ ստացել:

 

Ամեն տարի սեպտեմբերի 22-ին՝ Խաղաղության միջազգային օրը, The Association for Trauma Outreach & Prevention (ATOP) եւ Meaningfulworld կազմակերպությունները պարգեւատրում են կազմակերպություններին եւ անհատներին, որոնց աշխատանքն արժանի է հատուկ ճանաչման՝ գլոբալ եւ տեղական մակարդակներով խաղաղություն հաստատելու ջանքերի եւ մարդասիրական գործունեության համար:

 

2016 թվականի Խաղաղության մրցանակակիրների թվում էին ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականյանը, սպառնալից վերաբերմունքի դեմ ուղղված կրթական ծրագրերի մշակող Էշլի Թոբիասը եւ Խաղաղության միջազգային ինստիտուտը:

 

2015թ. սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի Հանրապետության երկար տարիների համառ դիվանագիտական ջանքերից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր ցեղասպանությունները դատապարտող բանաձեւ էր ընդունել: Բանաձեւը դեկտեմբերի 9-ը սահմանում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

 

6.    Ի՞նչ է ասել Զոհրաբ Մնացականյանը «խավիարային դիվանագիտության» մասին:

 

2016 թվականի նոյեմբերին «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. Ջուր, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ Զոհրաբ Մնացականյանն ասել էր․

 

«Որպես բարի կամքի դրսեւորում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պարբերաբար առաջարկել են ջրի բաշխման մեխանիզմներ, որպեսզի այդ ռեսուրսներն ավելի արդյունավետ համատեղ օգտագործվեն Ադրբեջանի հետ, որը կարող է հանգեցնել նաեւ կողմերի միջեւ վստահության ձեւավորման: Սակայն, Ադրբեջանը նախընտրում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել եւ կասկածելի «վկայությունների» միջոցով ապատեղեկատվություն տարածել: Խավիարային դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն՝ Ադրբեջանը լավություն կանի ինքն իրեն եւ տարածաշրջանին՝ համաձայնեցված ձեւաչափի շրջանակում անկեղծորեն ներգրավվելով բանակցային խաղաղ գործընթացում»:

 

7.    Ի՞նչ է ասել Զոհրաբ Մնացականյանը եվրոպական արժեքների մասին:

 

«Երբվանի՞ց եվրոպական արժեքները սկսեցին ընկալվել զուտ սեռական փոքրամասնությունների իրավունքների համատեքստում: Փաստորեն, միլիոնավոր ֆրանսիացիներ, որոնք Փարիզում ցույցեր են անում` ի պաշտպանություն ավանդական ընտանիքի, դո՞ւրս են եվրոպական արժեհամակարգից: Անհեթեթություն է, այդպես չէ՞: Չէ որ նրանք Մոնտեսքյուի, Վոլտերի, Կամյուի, Սարտրի հետնորդներն են, եւ այս ցուցակը կարելի է երկար շարունակել», - 2013 թվականին գրել էր Զոհրաբ Մնացականյանը Մեդիամաքսի իր Ընտրովի խտրականություն գոյություն չունի սյունակում։

 

«Եվրոպական արժեքները երեք հազարամյա քաղաքակրթության արդյունք են: Նրանց հիմքում են Արիստոտելը եւ Պլատոնը, Նարեկացին եւ Գոշը, Վերածնունդն ու Ռեֆորմացիան, Բենթամը եւ Միլը, Հեգելը եւ Ռուսոն, Քոբդենը եւ Ադամ Սմիթը, Մազինին ու Դյունանտը, Դոստոեւսկին եւ Բուլգակովը, արդյունաբերական հեղափոխությունը, ազատ առեւտուրը, ազգային ազատագրական շարժումն ու քաղաքացիական ազատությունները: Եվրոպան նաեւ գիտի, թե ինչ է գաղութատիրություն եւ պատերազմներ, խտրականություն ու ցեղասպանություն եւ ամոթի մոխրից հառնել է դեպի ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատություններ: Սա հենց այն է, ինչը մենք հոգեհարազատ ենք համարում մեր հասարակության եւ մեր երեխաների համար», - գրել էր ապագա նախարարը։

 

8.    Ի՞նչ է կարծում Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական պարտությունների ու հաղթանակների մասին։

 

«Դիվանագիտությունը ծառայություն է, ինչպես պաշտպանության ոլորտը, որ պահանջում է խիստ կարգապահություն, ցանկացած նոր օտար պայմաններին ադապտացվելու կարողություն, պետական շահի ընկալում ու տիրապետում համապատասխան գործիքներին, որոնց միջոցով իրականացվում է պետության արտաքին քաղաքականությունը:

 

Դիվանագիտության մեջ պարտվելն առաջին հերթին վերաբերում է փոխզիջման բալանսը խախտելուն, այլ ոչ թե ամեն բան զիջելուն, քանզի վերջինս ուղղակի կապիտուլյացիա է, ինչը դիվանագիտական ոլորտից չէ: Ընդհանրապես, դիվանագիտական պարտություններն ու հաղթանակներն այս մասնագիտության մեջ տարբեր են սպորտի կամ ռազմական ոլորտից:

 

Մենք ներկայացնում ենք մի պետություն ու ժողովուրդ, որ իր քաղաքակրթական հարստությամբ ու ներուժով, մարդկային գործոնով ու բազմաշատ տաղանդով մեզ հաղորդում է այլ ազգերի ու ժոովուրդների հարգանքը: Ինքնավստահությունն (բացառելով ինքնասիրահարվածությունն, իհարկե) ու պարկեշտությունը դրանից բխող շարժիչ ուժ են մեր աշխատանքում», - ասել էր Զոհրաբ Մնացականյանը 2015 թվականին Մեդիամաքսի հետ զրույցում։

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին