Դավիթ Տոնոյան՝ 7 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
27121 դիտում

Դավիթ Տոնոյան՝ 7 հարց ու պատասխան


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


«Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը պատմում Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի մասին։

 

1.    Ի՞նչ է ասել Դավիթ Տոնոյանը «կադրային ջարդի» ու հովանավորչության մասին։

 

2011 թվականի հունիսին «Հայ Զինվոր» թերթին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Զինված ուժերում «կադրային ջարդ» չի լինելու, «որակական փոփոխությունների ընթացքը կկազմակերպվի սահուն եւ անցնցում»։

 

«Մենք փորձում ենք ձեւավորել մի համակարգ, որը ինքնաբերաբար կվանի անմրցունակ կադրերին։ Պրոտեկցիոնիզմը նվազեցնելու միակ ճանապարհը բիզնես-աշխատաոճի եւ բիզնես-հոգեբանության ներդրումն է համակարգում։

 

Հասարակությունն այսօր պահանջում է, որ իր վճարած հարկերի հաշվին ձեւավորված բյուջեն իրացնող կառույցը աշխատի առավելագույն արդյունավետությամբ։ Պիտի ղեկավարն այլընտրանք չունենա, պիտի ստիպված լինի տեղ տալ պրոֆեսիոնալներին եւ աշխատասերներին։ Պրոտեկցիոնիզմը պիտի դրսեւորվի գոնե երկու լավ կադրերի մրցակցության ժամանակ, ոչ թե լավի եւ վատի»- ասել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

 

2.    Ի՞նչ է ասել Դավիթ Տոնոյանը ռազմական կրթության մասին։

 

«21-րդ դարի հայ սպայի որակական վարկանիշն արտացոլվում է ռազմակրթական հայեցակարգի հիմնադրույթներում` մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշների ձեռքբերումն ու զարգացումը: Այս համատեքստում մեծ ուշադրություն ենք դարձնելու սպաների աշխատանքների կազմակերպման ընթացքում ինքնուրույն եւ համարձակ որոշումներ կայացնելու եւ իրականացնելու ունակությունների զարգացմանը», - ասել էր Դավիթ Տոնոյանը 2012 թվականի հուլիսին Մեդիամաքսին տված հարցազրույցում։

 

«Ավելացնեմ, որ զինծառայողները պետք է լինեն արի եւ հաստատակամ, բայց, ինչպես ասում են իմաստունները, կրթության բացակայությունը կարող է անկարգության, խռովության կամ մոլեգնության պատճառ դառնալ», - նկատել էր առաջին փոխնախարարը։

 

3.    Ի՞նչ դիրքորոշում ունի Դավիթ Տոնոյանը Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին։

 

2011 թվականի օգոստոսին Մեդիամաքսին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել էր, որ ՌԴ ռազմակայանի առկայությունը Հայաստանում մշտապես պայմանավորված է եղել երկու երկրների ռազմաքաղաքական շահերով:

 

«2010թ. ամռանը ստորագրված ՌԴ ռազմակայանի ՀՀ տարածքում կայանման ժամկետի երկարաձգման պայմանագրի համաձայն, 102-րդ բազան ստանձնեց նաեւ ՀՀ անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Այսպիսով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի տարրերից է, ինչն արծարծված է ՀՀ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում (ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն, Ռազմական Դոկտրին), - ասել էր Դավիթ Տոնոյանը։

 

4.    Ի՞նչ է ասել Դավիթ Տոնոյանը Ադրբեջանի ռազմական հռետորաբանության մասին։

 

2013 թվականի ապրիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին, Դավիթ Տոնոյանն ասել էր․

 

«Պատերազմի կոչերը` զուգորդված սպառազինությունների մրցավազքի հետ, հանգեցնում են հասարակության մեջ արժեքների բացասական փոփոխությունների: Այլ էթնիկ կամ կրոնական խմբին պատկանող մարդկանց ոչնչացումը սկսում է նորմալ համարվել: Ավելին, այդ կոչերի հեղինակները մի պահ անկարող են դառնում կանխել կամ կասեցնել նման փոփոխությունները մարդկային վարքագծի մեջ: Սպառազինությունների անվերահսկելի գնումները եւ կուտակումն այլեւս չեն կարող ընկալվել որպես հոգեբանական պատերազմի գործիք միջազգային հանրության կամ հարեւան երկրների դեմ: Նրանք դառնում են նոր եւ, հավանաբար, ավելի լայնածավալ հակամարտությունների ձգան»:

 

5.    Ինչպիսի՞ն է Դավիթ Տոնոյանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։

 

«Տարածաշրջանային անվտանգության միջավայրի վերաբերյալ Հարավային Կովկասի երեք պետությունները տարակարծություններ եւ տարբեր պատկերացումներ ունեն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում արտաքին գործոնները` միջազգային անվտանգության ապահովման գործում վճռորոշ դերակատարում ունեցող պետությունների հարաբերությունների սրումը, զգալի ազդեցություն են թողնումմ մեր տարածաշրջանում անվտանգության միջավայրի վրա», - ասել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը 2015 թվականի հուլիսին Մեդիամաքսին տված հարցազրույցում։

 

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգության միջավայրին, ապա, իմ խորին համոզմամբ, դա առաջին հերթին հենց մեր երեք պետությունների խնդիրն է: Տարածաշրջանում կայուն անվտանգության միջավայրի ձեւավորումն ամբողջությամբ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե անվտանգության ինչպիսի համակարգերի են հարում մեր պետությունները: Դրա լավագույն օրինակը հայ-վրացական հարաբերություններն են: Չնայած մեր պետությունների` տարբեր անվտանգության համակարգերին անդամակցելու ձգտումներին, տարածաշրջանային անվտանգության հարցերում մենք գրեթե համակարծիք ենք», - ասել էր նա։

 

6.    Ինչո՞ւ է Դավիթ Տոնոյանը ծնվել Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում:

 

ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Դավիթ Տոնոյանի հայրը Ղազախստանում աշխատելու նշանակում էր ստացել ու մեկնել Ուստ-Կամենոգորսկ: Մի քանի տարի անց նա եկավ Հայաստան, ամուսնացավ ապագա նախարարի  մայրիկի հետ ու ամուսիններով նորից մեկնեցին Ղազախստան, որտեղ էլ ծնվեց Դավիթ Տոնոյանը: Նա 4 տարեկան էր, երբ ընտանիքը վերադարձավ Հայաստան:

 

7.    Արեւելյան ո՞ր մարզարվեստի սիրահար է Դավիթ Տոնոյանը:

 

Ուսանողական տարիներին Դավիթ Տոնոյանը սպորտի վարպետության թեկնածու դարձավ ձյուդոյից: Նա խոստովանել է, որ ձյուդոն բավական բան է փոխել իր բնավորության մեջ: «Մրցասպարեզում ուժերի իրական բախում է, եւ հաղթելու մղումը, հաղթանակը մարզիկին յուրօրինակ հոգեվիճակ է պարգեւում, որը կյանքում վերածվում է հաջողության բանալու», - պատմել էր Դավիթ Տոնոյանը։

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին